Պատրաստվում են «պատերազմի». քաղաքագետ վերլուծաբանների հավաստմամբ` Ազգային ժողովի ընտրությունները «բեկումնային» կլինեն

Ելույթներն ու տեղաշարժերը, մեղադրանքներն ու նույնիսկ սպանությունները ազդանշան են, որ արդեն սկսվել է Հայաստանի հաջորդ խորհրդարանում տեղ վաստակելու մրցավազքը: Վերլուծաբաններից մեկի բնորոշմամբ` այս մրցավազքն իր բնույթով «մոտ է լինելու պատերազմականի»:

Մինչև ընտրությունները դեռ ութ ամիս կա, սակայն այս սկզբնական փուլում բոլորը համակարծիք են, որ 2007-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրությունները բեկումնային ու ճակատագրական կլինեն Հայաստանի համար:

«Ստեղծվել է նախընտրական յուրահատուկ իրավիճակ: Մի կողմից իշխանությունը շարունակում է կիրառել կառավարման ոչ ժողովրդավար մոտեցումներ, մյուս կողմից` Սահմանադրության փոփոխությունն առաջին անգամ ստեղծում է իրավիճակը փոխելու և Հայաստանն անձնիշխանությունից ազատելու հնարավորություն»,- ասում է Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը:

Իսկ Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Ստեփան Զաքարյանի կարծիքով` 2008-ի նախագահական ընտրությունները պայմանավորված կլինեն 2007-ի խորհրդարանական ընտրություններով:

«Սովորաբար ԱԺ ընտրությունները կախված են լինում նախագահական ընտրություններից: Այսօր հակառակն է, և սա նոր իրավիճակ է,- ասում է նա: - Հանրապետական կուսակցության մոբիլիզացումը իշխանության արձագանքն է այդ նոր իրավիճակին, քանի որ տեղի է ունենում վարչական և կրիմինալ ռեսուրսների միաձուլում»:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը տալիս է քաղաքական գնահատական և ասում, որ տեղի է ունեցել իշխանության ու կրիմինալի սերտաճում, որի վկայությունը վերջին աղմկահարույց սպանություններն են (տե’ս ): Նա ավելացնում է, որ ցանկացած ապօրինի իշխանություն հայտնվում է նման ճգնաժամային իրավիճակում:

Սահմանադրական իրավունք միության նախագահ Հրանտ Խաչատրյանի կարծիքով` գալիք ընտրությունների դրոշի տակ իրականացվելու է կրիմինալի և հակակրիմինալի հարաբերությունների ճշտում:

Սուրենյանցն ասում է, որ նախընտրական շրջանը թելադրում է քաղաքական նոր փուլ, որտեղ ընդդիմությունը պարտադիր հանդես կգա նոր ձևաչափով:

«Օրինաց երկիրը» հայտարարել է կուսակցության նոր նախաձեռնության մասին, որը կապված է 2007-ի ընտրական գործընթացի օրինականության ապահովման հետ:

Կարևորվում են երկու ուղղություն`օրենսդրական և քաղաքացիական կամքի արտահայտում քաղաքացիական շարժումով, որը ենթադրում է քաղաքական ուժերի, ՀԿ-ների, սոցիալական և հասարակական շարժումների համադրում:

«Հակառակ դեպքում երկիրը կկանգնի ցնցումների առաջ: Ենթադրում ենք, որ կլինի քաղաքացիների կողմից վստահության ճգնաժամ, բարոյալքում: ՀՀ-ը խնդիր կունենա միջազգային ընտանիք մտնելու հետ: Իսկ միջազգային ժողովրդավարական հանրույթը Հայաստանի նկատմամբ կկորցնի հետաքրքրությունը»,- ասում է կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ ոչ մի ընդդիմադիր կուսակցություն միայնակ չի կարող կանխել և դիմագրավել ընտրակեղծիքներին:

«Հասարակությունը ինքը պետք է որոշի 2007-2008 ընտրաշրջանի ընթացքում, թե ումն է Հայաստանը և ովքեր են լինելու այդ Հայաստանը կրողները: Ես կողմնակից եմ ընդդիմադիր դաշտում մեծ լուծումների, որովհետև լոկալ լուծումները արդյունավետ չեն,- ասում է Հովհաննիսյանը: - Սկսել ենք համագործակցել ընդդիմության դաշտի հին ու նոր ներկայացուցիչների հետ»:

Այդուհանդերձ, այսօր հասարակության մեջ ձևավորվել է մի կարծիք, որ Հայաստանում ընդդիմադիր դաշտը թույլ է: Այդ կարծիքը հիմնված է ութ տարվա ջանքերից հետո գործող վարչակարգը փոխելու ընդդիմության անկարողության և ենթադրյալ անօգնականության վրա (որի արտահայտությունն էր 2004 թ. ապրիլին նախագահական նստավայրի առաջ անհարկի ուժի կիրառմամբ ընդդիմության ջարդը):

Շատերը համոզված են, որ խորհրդարանական ընտրությունները կտանեն դեպի իշխանության վերարտադրություն:

Սուրենյանցը բացատրում է, որ իշխանության նման վերարտադրությունը կնշանակի անկախության փաստացի կորուստ:

«Ի՞նչ կարող է անել ընդդիմությունը, երբ բոլոր լծակները կրիմինալ իշխանությունների ձեռքին են: Փողոցում մարդ սպանելը սովորական բան է դարձել»,- ասում է 57-ամյա Արամ Մարտիրոսյանը:

Սուրենյանցը նշում է, որ ընդդիմությանը մեղավոր են համարում այն պատճառով, որ գործող իշխանությունները շարունակում են ղեկավարել երկիրը:

«Բայց ասեմ, որ ընդդիմությունը նաև ուժեղ է: 2003 թ. ընտրություններին միայն կեղծիքներով հնարավոր եղավ այդ ընդդիմությանը հաղթել, իսկ 2004 թ. ապրիլի 12-ին` ռազմական գործողություններով ու զանգվածային ձերբակալություններով,- ասում է քաղաքագետը: - Սա խոսում է կազմակերպված ընդդիմության մասին, որի դեմ իշխանությունները բռնություն օգտագործեցին»:

Իսկ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը համոզված է, որ հարկավոր է ժողովրդի մեջ վերականգնել այն հավատը, որ իր ձայնը կարող է տեղ հասնել:

ՀԺԿ անդամ, ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանն ասում է. «Նախ պետք է պատասխանատվության ենթարկվեն այն բոլոր կեղծարարները, որոնք դերակատարություն են ունեցել նախորդ ընտրություններին: Պետք է ունենալ անկախ հեռուստաեթեր, առանց որի արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Ընտրությունները միայն քվեարկության պահը չեն, ընտրությունները սկսվում են ավելի վաղ»:

Շավարշ Քոչարյանը համոզված է, որ իշխանության վերարտադրումը կարող են կանխել երեք կառույցներ`ժողովուրդը, ընդդիմությունը և միջազգային կառույցները: Բայց ժողովուրդը այս դեպքում պետք է տեսնի իշխանության այլընտրանքը:

«Ցավոք, ընդդիմադիր դաշտի վերջին մեկ տարվա զարգացումները չեն նպաստում այլընտրանքի առկայությանը: Այսպիսի վիճակ Հայաստանում չէր եղել ամբողջ անկախության ընթացքում` հիասթափված հասարակություն և հեղինակազրկված ընդդիմություն»,- ասում է նա:

ՍԻՄ-ը քաղաքական դաշտի չկայացման պատճառներից է համարում այն, որ 1990 թվականից ի վեր դրա համար որևէ լուրջ նախապայման պետության կողմից չստեղծվեց, ավելին` խոչընդոտվեց նրա զարգացումը:

Հրանտ Խաչատրյանը նշում է, որ ընդդիմությունը, բացի հայտարարություններով ու ելույթներով հանդես գալուց, զբաղված է նաև քաղաքական միավորներն ամրացնելու գործով, որպեսզի ունենա միասնության գործնական ակնկալիք, ինչպես նաև դրա միջոցով ընտրակեղծիքի ու կրիմինալի հաղթանակի դեմ պայքարի հիմք: Ըստ նրա` ընդդիմադիր ուժերը ճշտում են մարտունակ անդամների թիվը, ովքեր կարող են դիմագրավել ընտրական բռնությանը:

Այլ կարծիքի է Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Նրա համոզմամբ` ընդդիմությունը միավորման հիմքեր չունի և խորհրդարանական ընտրություններին կգնա պառակտված: