Չորս տարի` երկու տարուց խուսափելու համար. խմբագիրը դատապարտվեց ազատազրկման զինվորական փաստաթղթերը կեղծելու համար

Անցյալ ուրբաթ «Ժամանակ Երևան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանին դատարանը դատապարտեց 4 տարվա ազատազրկման` փաստաթղթերը կեղծելով զինվորական ծառայությունից խուսափելու համար (քրեական օրենսգրքի 327 հոդված):

Բաբաջանյանը ձերբակալվել էր հունիսի 26-ին (տե’ս  http://armenianow.com/?action=viewArticle&AID=1601): Դատավարությունը սկսվել էր օգոստոսի 18-ին: Դատախազությունը նրան մեղադրանք էր ներկայացրել 2 հոդվածով. փաստաթղթեր կեղծելով բանակից ազատվելու և փաստաթղթեր հափշտակելու մեջ ու դատարանից պահանջել 4,5 տարվա ազատազրկում: Բաբաջանյանն ընդունել էր իր մեղքը առաջին մեղադրանքով, սակայն չէր ընդունել, որ փաստաթղթեր է հափշտակել (նրան մեղադրում են, որ նա հափշտակել է ընկերոջ ամուսնության վկայականը և նրա երեխայի ծննդյան վկայականը, որոնք կեղծելով ներկայացրել է զինկոմիսարիատ): Դատարանը փաստաթուղթ հափշտակելու մեղադրանքն անհիմն է համարել:

Բաբաջանյանին դատեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որը 2002 թվականին «Պապլավոկ» սրճարանում կատարված սպանության մեջ մեղավոր ճանաչված նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանին ազատազրկման չդատապարտեց:

«Ժամանակ Երևան» (www.zhamanak.com) օրաթերթը շարունակում է լույս տեսնել Լիզա Ճաղարյանի խմբագրությամբ: