Բարեգործ հեծանվորդները. «Մարիոթի» ֆիթնես թիմի նոր ակցիան

Ֆիթնեսի արտասահմանցի մարզիչը հավատարիմ մնաց անցյալ տարի տված խոստմանը` տրենաժորային հեծանվավազքի բարեգործական մարաթոնը դարձնել ամենամյա:

Այս շաբաթ` սեպտեմբերի 16-ին, կանցկացվի երկրորդ «Շվին տրենաժորային հեծանվային մարաթոնը»: Կազմակերպիչները հույս ունեն այս տարի ավելի շատ գումար հավաքելու:

Անցյալ տարվա հոկտեմբերին անցկացված մարաթոնին մասնակցում էին մի շարք կազմակերպություններ ներկայացնող մոտ 50 «հեծանվորդներ», իսկ հարյուրավոր պատահական անցորդներն ու հյուրերը նույնպես հնարավորություն էին ստացել իրենց ներդրումն անել, մինչ 11 հեծանիվները վեց ժամ անընդմեջ պտտում էին իրենց միակ անիվը: Ի վերջո, Հայաստանի առաջին հեծանվային փառատոնը հավաքեց 3200 դոլար, որը փոխանցվեց Ներսես Մեծի անվան գիշերօթիկ դպրոցին:

Միջոցառման կազմակերպիչներից մեկը` «Մարիոթ» հյուրանոցի ֆիթնես հրահանգիչ Անջեյ Հենցելը, որն ազգությամբ լեհ է, ասաց. «Շատ ուրախ եմ, որ այս տարի էլ կարող եմ մարաթոն կազմակերպել: Հույս ունենք` այս անգամ ավելի շատ գումար հավաքել, քանի որ հովանավորներ ունենք»:

Այս տարվա մարաթոնի ժամանակ հավաքված ամբողջ գումարը կհատկացվի Երևանի թիվ 15 խուլ և լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցին:

Բարեգործ հեծանվորդներն արդեն սկսել են շաբաթ-կիրակի երեկոյան մարզվել «Մարիոթ» հյուրանոցի մարզասրահում ` պատրաստվելով շաբաթ օրվա միջոցառմանը:

«Շվին տրենաժորային հեծանվավազքը» հատուկ հեծանիվներով դահլիճում անցկացվող մարզանք է, որն ուղեկցվում է ռիթմիկ բարձր երաժշտությամբ:

Մասնակիցները հեծանիվ են վարում ըստ մարզչի հրահանգների, որը տեղ է զբաղեցնում խմբի առաջ և փոփոխում է տրենաժորային հեծանիվի արագությունն ու դիմադրությունը:

Վեցժամանոց մարաթոնը կմեկնարկի շաբաթ օրը` ժամը 14:00-ին, Հանրապետության հրապարակում`«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի առաջ: Ամբողջ միջոցառման ընթացքում մասնակիցներին ու հյուրերին կզվարճացնեն երգիչներ, պարողներ ու կատակերգուներ: Կանցկացվեն նաև նորաձևության ցուցադրություն և մարտարվեստների մարզիկների ելույթներ:

«Մեր նպատակն է ոչ միայն հաջողությամբ հատել մարաթոնի եզրագիծը, այլև, նախևառաջ, գումար հավաքել բարեգործական ֆոնդի համար: Մենք ուզում ենք, որ մարդիկ միանան մեզ, օժանդակեն մեր բարեգործական նախաձեռնությանը և պարզապես ուրախ ժամանակ անցկացնեն մեզ հետ»,- ասաց Հենցելը, որը հրահանգիչ և համակազմակերպիչ Մհեր Գրիգորյանի հետ մտադիր է կրկնել անցյալ տարվա վեցժամյա անընդմեջ հեծանվավազքը: Մյուս մասնակիցները կարող են փոխարինել միմյանց:

Յուրաքանչյուր մասնակից խորհրդանշական ներդրում է անում` 10000 դրամ (կամ ավելի) յուրաքանչյուր հեծանվաժամի համար:

Վիճակախաղի տոմսերը` 2000 դրամ արժողությամբ, հնարավորություն կտան գնողներին շահելու Վիեննայի օդանավի տոմս (մեկ մարդու) և հյուրանոցի երկտեղանոց համար շաբաթ-կիրակի օրերին, ինչպես նաև նվերներ ու մրցանակներ:

Բացի այդ, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը դպրոցին կտրամադրի իր բացօթյա «Վիեննա» սրճարանի սեպտեմբերի 16-ի ամբողջ հասույթը:

Հենցելն ասում է, որ մարաթոնի կարգախոսը նույնն է. «Չկան պարտվողներ, բոլորս էլ մեզ հաղթող ենք զգում»:

Միջոցառման կազմակերպիչներն են «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցը, «Արմենտելը», «Ավստրիական ավիաուղիները», ԷյչԷսԲիՍի բանկը, «Կոտայք» գարեջրի գործարանը, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ դեսպանատները, Quality School International (QSI), IAB Center ընկերությունները և «ԱրմենիաՆաու» շաբաթաթերթը: