Սևա՞ն, թե՞ ծով. ավելի շատ հայեր են նախընտրում Վրաստանում անցկացնել արձակուրդը

Վրաստանի ծովը խլում է հայ հովեկներին Սևանա լճից:

Ամառային արձակուրդային սեզոնի նախնական տվյալներով` այս տարի Վրաստանի սևծովյան ափին իրենց հանգիստն են անցկացրել առնվազն երկու անգամ ավելի շատ հայեր, քան անցյալ տարի:

Ու թեև Սևանի մարդաշատ լողափերը դեռևս տագնապելու տեղիք չեն տալիս, ճամփորդական գործակալությունները հավաստում են, որ Վրաստանի սաստկացող հրապույրը արդեն տալիս է իր պտուղները, և անցյալում իրենց դրամը Սևանում ծախսող հայերն այժմ լարի են ծախսում Վրաստանում:

Թեև դեռ ամփոփված չեն «թավշյա» սեզոնի տվյալները, բայց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տվյալներով` Վրաստանում հանգստացող հայաստանցիների թիվն այս տարի արդեն հասել է 30-35 հազարի` անցյալ ամբողջ տարվա 15 հազարի դիմաց:

Եվ եթե նրանց հրապուրում է ծովը, ապա դրան ավելացել է նաև մարքեթինգը: Այս ամառ Երևանի փողոցները հեղեղված էին Բաթումում ու Քոբուլեթիում հանգստի «հատուկ առաջարկներով»:

Ամռան սկզբին բացվեց Երևան-Բաթում երկաթուղային երթուղին, իսկ ամռան վերջին Բաթումում բացվեց Հայաստանի հյուպատոսարանը` հայաստանցիների ներհոսքը կարգավորելու նպատակով:

Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Սիմոնյանի հավաստմամբ` հայաստանցիներին գրավում է նախևառաջ ծովը:

Սակայն «Արեգ տուր» գործակալության տուրիզմի մենեջեր Տաթևիկ Բեժանյանի կարծիքով` նույնքան կարևոր դեր են խաղում նաև ցածր գները:

Իր ամառային հանգիստը դստեր հետ Քոբուլեթիում անցկացրած 44-ամյա Նաիրա Քոչարյանն ասում է, որ նման ընտրությունը նախևառաջ պայմանավորված է մատչելի գներով: Սև ծովի ափին 10-օրյա հանգստի համար նրանք վճարել են մոտ 270 դոլար:

«Հայաստանում հանգիստը շատ թանկ է»,- ասում է Բեժանյանը:

Օրինակ` Ջերմուկի առողջարանի 1 հոգու ուղեգրի արժեքը 1 օրվա համար 30000 դրամ է (մոտ 79 դոլար), որն այսօրվա ամսական միջին աշխատավարձն է Հայաստանում: Իսկ 1 անձի համար Քոբուլեթիի 7-օրյա ուղեգիրը 45000 դրամ է (մոտ 118 դոլար):

Ե’վ Քոբուլեթին, և’ Սևանը առաջարկում են տարբեր հարմարություններ տարբեր գներով: Սակայն երկաթուղային նոր երթուղին` գումարած ծովի հրապույրը, կարծես ավելի գրավիչ են իրենց միջոցները հաշվող հայաստանցի զբոսաշրջիկների համար:

Սիմոնյանի խոսքերով` նախատեսվում է հաջորդ տարի զբոսաշրջության և հանգստի հատուկ գոտի դարձնել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը, որտեղ հանգստանում են նաև վրացիները (վիճակագրական տվյալները պատրաստ կլինեն հոկտեմբերին):

Թեև այսօրվա դրությամբ Սևանում ավելի լավ պայմաններ են ապահովվում (չնայած ընտանեկան առանձնատանը տաք ջուրը դեռևս շքեղություն է), մատչելի գների ու ծովի համադրությունը շատ հայերի համար Վրաստանը դարձրել է Կովկասյան Ռիվիերա:

«Եթե Վրաստանում սահմանված գները պահպանվեն, և ծառայությունների որակը բարձրանա, այնտեղ հանգստացողների թիվը տարեցտարի կավելանա, հետևաբար կնվազի Հայաստանում հանգստացողների թիվը»,- ասում է Բեժանյանը:

Սևանում ոմանք արդեն զգում են այդ արտահոսքը:

Սևանա լճի ափին գտնվող «Սևան» մոթելի տնօրեն Վիլիկ Սիմոնյանն ասում է, որ եթե անցյալ տարի մոթելը (որը գործում է միայն ամռանը) ունեցել է մոտ 500 հանգստացող, ապա այս տարի` մոտ 350: Երեքտեղանոց սենյակը մոթելում արժե 15000 դրամ (մոտ 40 դոլար):

Սիմոնյանն ասում է, որ միջին խավի իրենց երբեմնի այցելուներն այսօր գնում են Վրաստան:

«Իսկ դա նշանակում է, որ մեր եկամուտները նվազում են, և մենք չենք կարողանում բարձրակարգ պայմաններ ապահովել: Երևի մարդկանց գրավում են ոչ թե վրաստանյան գները, այլ արտասահմանում հանգստանալու գաղափարը: Թեև անժխտելի է, որ Սևանի որոշ հանգստավայրերում գները բարձր են»,- ասում է Սիմոնյանը:

Հայերը կազմում են Վրաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը, սակայն Վրաստանի միակ շուկան չեն:

Ըստ «Ռեգնում» լրատվական գործակալության (www.regnum.ru)` այս տարվա առաջին վեց ամսում Վրաստան է այցելել 189935 մարդ ԱՊՀ երկրներից, (որից 67870-ը` Հայաստանից), ինչը 48 տոկոսով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից: