Ձայնակցեք կամ մի ձայնակցեք. օրհներգի ընտրությունը շարունակվում է թեժ բանավեճերով

Հայաստանի Հանրապետության նոր օրհներգ ընտրելու նպատակով երեք ամիս առաջ ստեղծված 25-հոգանոց հանձնաժողովը քննել է հայտնի ու նորահայտ արվեստագետների ներկայացրած 83 ստեղծագործություն:

Անցյալ շաբաթ 2-րդ փուլ անցած 5 ստեղծագործությունները ներկայացվեցին հասարակության դատին:

Ինչպես քաղաքական ասպարեզում, այստեղ նույնպես արվեստագետներն ու քաղաքական գործիչներն անհաշտ ու անզիջում են:

Հանձնաժողովի աշխատանքն առանց միջադեպերի չանցավ: Հանձնաժողովից վիրավորված դուրս եկավ անդամ Դավիթ Հովհաննեսը, և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սեպտեմբերի 1-ին հայտարարեց հանձնաժողովում իր ներկայացուցչի գործունեությունը դադարեցնելու մասին:

Դաշնակցությունը հանդես եկավ «Մեր հայրենիքի» պաշտպանությամբ`Ազգային ժողովին ներկայացնելով «ՀՀ օրհներգի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պահպանել «Մեր հայրենիքը»:

«Ինչպե՞ս կարող է ՀՀ օրհներգն ընտրվել նույն տրամաբանությամբ, ինչպես անցկացվում են «Եվրատեսիլի» կամ «Սուպերսթարի» մրցույթները: Սա լավագույն երգի մրցույթ չէ, այն պետք է ձևավորվի ժամանակի ընթացքում»,- ասում է Աժ պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը: - «Մեր հայրենիքը» անցել է կռիվների միջով, Սարդարապատի ու Վանի ինքնապաշտպանության մարտիկներին հերոսության մղել»:

Մինչև հանձնաժողով ստեղծելը ներկայիս օրհներգի համար նման պաշտպանություն ոչ ոք չէր իրականացնում, դեռ ավելին, շատերը պնդում էին, որ այն պետք է փոխարինվի Խորհրդային Հայաստանի հիմնով (մայիսին 37 արվեստագետներ և մտավորականներ դիմել էին նախագահին` Խաչատրյանի օրհներգը վերականգնելու առաջարկով): (Տե’ս «Նոր մեղեդի նոր ժամանակների համար» հոդվածը:)

Հանձնաժողովի անդամներից միայն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էր քննարկման սկզբում կոչ անում նույնը թողնել ներկայիս օրհներգը:

«Օրհներգը չպետք է քաղաքական ամբիցիաների զոհ դառնա, Քոչարյանին դուր չի գալիս այն, ինչ ընդունել է ՀՀՇ-ը, բայց դա ՀՀՇ-ի հիմնը չէ,- ասում է Հայրիկյանը: - Այս օրհներգը ճանապարհ է անցել, մեր հաղթանակներն այդ օրհներգով ենք վաստակել ու տոնել»:

Բացի քաղաքականից, նոր օրհներգի ընտրությունը ենթարկվեց նաև այլ շահարկումների:

Հանձնաժողովի անդամ Դավիթ Հովհաննեսը հանձնաժողովը լքեց, իր խոսքերով` անարդարության պատճառով:

«Երկրորդ փուլ անցած 5 տարբերակներից 2-ը կրիմինալ են: Այդ պայմաններում ես չէի կարող աշխատել»,- ասում է Հովհաննեսը` նկատի ունենալով Խաչատրյանի երաժշտության համար Արսեն Սողոմոնյանի գրած խոսքերը:

Ըստ Հովհաննեսի` Սողոմոնյանի տարբերակն անցել է, քանի որ նա մշակույթի նախարարությունում վարչության պետ է:

Մյուս «կրիմինալը» Երվանդ Երզնկյանի երաժշտության խոսքերի հեղինակ Արարատ Բ-ի (կեղծանուն) հարցն է:

Դավիթ Հովհաննեսը համոզված է, որ Արարատ Բ կեղծանունով հանդես եկողը նույն ինքը գրող, նախագահի նախկին խորհրդական Ռազմիկ Դավոյանն է, որը հանձնաժողովի անդամ է և իրավունք չունի մասնակցելու մրցույթին:

«Երեք ամիս շարունակ հարցրել եմ, թե ով է այդ Արարատ Բ-ն, իսկ երբ այն անցավ 2-րդ փուլ, ինձ համար հեղինակին պարզելը դարձավ չափազանց կարևոր հարց: Բայց հարցերս մնացին անպատասխան, ես էլ դուռը շրխկացրի ու դուրս եկա»,- ասում է Հովհաննեսը:

«ԱրմենիաՆաուն» բազմիցս փորձել է այս հարցով մեկնաբանություն ստանալ Ռազմիկ Դավոյանից, սակայն ամեն անգամ հարցը լսելուց հետո նա անջատում էր հեռախոսը:

Մրցույթից դժգոհ է նաև կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, որը կարծում է, թե մրցույթը պարզապես ձևական էր, քանի որ դեռ մինչև մրցույթը մտայնություն կար վերականգնելու Խաչատրյանի օրհներգը:

«Սա մրցույթ չէր, թամաշա էր` չգիտեմ ում համար,- ասում է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ամիրխանյանը: - 15 տարի առաջ սխալ արեցին` ընդունելով 4 տակտանի այս խայտառակությունը, այսօր է’լ ավելի մեծ սխալ են անելու, եթե ընդունեն խորհրդայինը»:

«Նախ` Խաչատրյանը հիմնով չի դարձել Խաչատրյան, այլ «Սպարտակով», «Գայանեով», [օրհներգի] երաժշտությունը սոցռեալիզմի պահանջները բավարարող երաժշտություն է, բայց ոչ այսօրվա Հայաստանի»,- ասում է Ամիրխանյանն ու պնդում, որ հիմա շատերը միտումնավոր են այդ տարբերակն առաջ մղում, որ փակեն նոր օրհներգի հեղինակ դառնալու հնարավորություն ունեցողների ճանապարհը:

Արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը կարծում է, որ օրհներգը հնարավոր չէ նման կարճ ժամանակում ընտրել:

«Ուզում են նոր հիմն ունենալ Անկախության տոնի՞ն, դա պատճառ չէ: Իսկ խաչատրյանական հիմնը ընդունել չենք կարող: Որքան էլ Խաչատրյանի երաժշտությունը հանճարեղ լինի, տաղանդավոր լինի, իր հետ բերում է քաղաքական անցյալ, իսկ այդ անցյալ վերադառնալն ինձ համար անընդունելի է»,- ասում է Հովհաննիսյանը:

Հասարակությանը քննարկումների մեջ ներգրավելու համար ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2 շաբաթ է` քաղաքացիներից ընդունում է օրհներգի 5 տարբերակների մասին գրավոր կարծիքներ:

«Օրական 4-5 նամակ ենք ստանում: Կարծես, քաղաքացիներն այնքան էլ ակտիվ չեն, քննարկումներն ավելի շատ մամուլում են ընթանում»,- ասում է նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: