Մարզական տեսություն.

Ֆուտբոլ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 50 միավորով վստահորեն գլխավորում է գործող չեմպիոն Երևանի «Փյունիկը», որին հաջորդում են մայրաքաղաքի «Բանանցը» և Աշտարակի «Միկան»:

Մեդալների պայքարին միջամտելու իրական հնարավորություն ունի նաև «Արարատը», որը նոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ դեռ միավոր չի կորցրել:

Իսկ Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստները շարունակում են տեղափոխվել արտասահմանյան ակումբներ: Արտաշես Բաղդասարյանը Երևանի «Կիլիկիայից» տեղափոխվեց ավստրիական «Սուպերսֆունդ», իսկ «Բանանցի» հարձակվող Վահե Թադևոսյանը` շվեյցարական «Արաու»:

«Փյունիկի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների խաղացող Լևոն Պաչաջյանը մինչև 2007 թ. գարուն վարձավճարով հանդես կգա իսրայելական Պետահ Տիկվայի «Հապոելում»:

(«Ա1+» ինտերնետային կայքէջ, ՀՖՖ)

Ձյուդո

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 52 կգ քաշային Անուշ Հակոբյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:

Մեկ այլ հայ մարզիկ` 81 կգ քաշային Փայլակ Վարդազարյանը, դարձավ բրոնզե մեդալակիր: («Արմենպրես»)

Ըմբշամարտ

Հունահռոմեական ոճի վեց և ազատ ոճի ըմբշամարտի ութ հայաստանցի մարզիկներ կմասնակցեն սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 1-ը Չինաստանում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմում ընդգրկված են Ռոման Ամոյանը (55 կգ), Կարեն Մնացականյանը (60 կգ), Արտակ Հարությունյանը (66 կգ), Մովսես Կարապետյանը (74 կգ), Տիգրան Սահակյանը (84 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ):

Ազատ ոճի հավաքականում ընդգրկված է ութ ըմբիշ, այդ թվում` մեկ կին, Վահան Սիմոնյանը (55 կգ), Արմեն Կարապետյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), Ռուսլան Կոկաևը (74 կգ), Վադիմ Լալիևը (84 կգ), Շամիլ Գիտիևը (96 կգ ) և Ռուսլան Բասիևը (120 կգ), ինչպես նաև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Կարինե Շադոյանը: («Արմենպրես»)