Հայաստանը անվտանգության առումով չունի Ռուսաստանին այլընտրանք` ասում է վերլուծաբանը

Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցության գոտում է՝ այսօր հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ միաժամանակ շեշտելով, որ սա ներկա պայմաններում ամենաարդյունավետ լուծումն է անվտանգության տեսանկյունից:

«Կարծում եմ՝ սխալ չունենք [Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում], բայց պատկերացման մեջ թյուրըմբռնում կա:

Քաղաքականությունն այս պարագայում բազմաշերտ է. Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունները մեզ չպիտի խանգարեն ուշադրության կենտրոնում պահել նաև Արևմուտքի հետ ռազմական հարաբերությունների հարցը»,- նշեց Շիրինյանը:

Մասնավորապես, քաղաքագետն իր դիտարկմամբ անդրադաձավ հայաստանցի վերլուծաբանների գնահատականներին, որոնց համաձայն Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում երկուշաբթի կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նստաշրջանի ամփոփիչ բանաձևում ընդգրկված դրույթները ՀԱՊԿ անդամներին հակադրում են Արևմուտքին և ՆԱՏՕ-ին մասնավորապես:

Քանի որ ռազմական կառույցի նստաշրջանը դատապարտել է Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների պատժամիջոցներ կիրառելու քաղաքականությունը և ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության հայտնվելը Եվրոպայում, ստացվում է, որ Հայաստանը` որպես կառույցի անդամ, նույնպես դատապարտել է դրանք:

Ըստ Շիրինյանի՝ այս պարագայում Հայաստանն այլընտրանք չունի.

«Այնպիսի դաշնակցային հարաբերություն, որը Ռուսաստանը մեզ առաջարկում է ու սպասարկում է, որևէ այլ երկիր չի առաջարկում: Արևմտամետներն ուղղակի գլուխ են պայթեցնում: Չկա այն խոշոր պետությունը, որը ավելի լավ կսպասարկի, ավելի լավ զենք կմատակարարի Հայաստանին, քան Ռուսաստանն է: Մեզ համար էլ անվտանգության հարցը կարևոր է»:

Քաղաքագետը համոզված է՝ եթե Ռուսաստանի ռազմական ազդեցության շրջագիծը տարածաշրջանում թուլանա, Թուրքիան է տեղը զբաղեցնելու, ինչը նա Հայաստանի համար անցանկալի սցենար է համարում:

Այդուհանդերձ, Շիրինյանն անարդյունավետ է համարում նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, նախաձեռնողականության բացակայությունը:

«Սրա պատճառը նախ Հայաստանի աշխարհագրական դիրքն է: Բայց սրանով չի կարելի սահմանափակվել: Ես նույնիսկ չեմ էլ պատկերացնում` արտգործնախարարությունն ուղենիշներ նշո՞ւմ է, թե՞ աշխատում է իրավիճակային քաղաքականության մեթոդով»,- ասաց Շիրինյանը՝ ընդգծելով, որ անգամ Արցախի պետության ճանաչման հարցում Հայաստանը կոնցեպտուալ մոտեցում չունի: