Գազամուղները շատանում են. իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է Իրան-Հայաստան երկրորդ գազամուղ կառուցելու ծրագրի մասին

Իրան-Հայաստան առաջին գազամուղի շինարարությունը դեռ չավարտված` երկրների ներկայացուցիչներն այս շաբաթ քննարկում էին երկրորդի կառուցման ծրագիրը:

Սեպտեմբերի 11-12-ը Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ղոլամ Ալի Հաղդադ Ադելի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով Թեհրանից ժամանեց Երևան, որտեղ Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մեջլիսի նախագահը հայտարարություն արեց նոր գազամուղի մասին:

Իրան-Հայաստան առաջին գազամուղի շինարարությունը, որը նախատեսվում է ավարտին հասցնել այս տարվա վերջին, պետք է ռազմավարական մեծ նշանակություն ունենար: Բացի այն, որ այն մեծ հեռանկարներ էր խոստանում հայ-իրանական համագործակցության շրջանակներում, գազամուղը նաև պետք է հնարավորություն ստեղծեր Իրանի գազը Հայաստանի տարածքով Եվրոպա արտահանելու համար, ինչը նույնպես շատ կարևոր էր Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացման համար:

Գազամուղի շինարարությունը առաջին հերթին պետք է Հայաստանին էներգետիկ անկախություն ապահովեր Ռուսաստանից:

Բայց էներգետիկ անկախության մասին երազանքները հօդս ցնդեցին հունիսի 30-ին, երբ ռուսական «Գազպրոմի» ներկայացուցիչը կրկին հայտարարեց գազամուղը գնելու իրենց հստակ մտադրության և կոնկրետ ծրագրերի մասին: Տե’ս նաև http://www.armenianow.com/?action=viewArticle&IID=1090&CID=1731&AID=1615&lng=arm:

Ռուսները հայտարարել են, որ գնելու են գազամուղը: Ու թեև հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել այդ գործարքը, հասկանալի է, որ ռուսների պլանը թույլ չի տա Հայաստանին դառնալ տարանցիկ երկիր իրանական գազի արտահանման համար:

Երկրորդ գազամուղը հնարավոր կդարձնի այդ ծրագիրը:

Ռուսների հավակնություններն առաջ բերեցին Թեհրանի մտահոգությունը, և այդ թեման դարձավ քննարկման առարկա հուլիսի 5-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իրան կատարած այցի ընթացքում:

Մտահոգված է նաև Հայաստանի ընդդիմությունը:

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ «երկրորդ գազամուղի մասին խոսակցությունները բացառապես քարոզչական բնույթ ունեն, քանի որ տակավին անհայտ է նույնիսկ առաջին գազամուղի ճակատագիրը»:

Սուրենյանցը բարձրաձայնեց Հայաստանի վերլուծաբանների և այլ շրջանակներում ուժեղացող մտահոգությունը Ռուսաստանից Հայաստանի մեծացող կախվածությամբ:

«Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը որոշվում է Կրեմլում,- ասաց նա: - Հետևաբար, նույնիսկ աշխարհից մեկուսացված Իրանի Մեջլիսի բարձրաստիճան ղեկավարը հազիվ թե որևէ լուրջ հարց քննարկի Հայաստանի պաշտոնյաների հետ, եթե Կրեմլը չտա իր համաձայնությունը»:

Սակայն ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հավատացած է, որ հատկապես այս ոլորտում զարգացումներ կլինեն:

«Իրան-Հայաստան հարաբերություններն օրինակելի են ամբողջ տարածաշրջանի համար` անկախ երկու ժողովուրդների կրոնական տարբերություններից,- ասաց Թորոսյանը: - Շատ կարևոր է, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանում են ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկայի ոլորտում»: