Միասնության կոչ. Արա Աբրահամյանը հորդորում է լրատվամիջոցներին կամուրջ դառնալ բոլոր հայերի համար

Հայաստանին սպառնում է ինքնության կորուստը, իսկ ապագայի հանդեպ հույսն այն արդեն կորցրել է:

Նման հուսահատեցնող պնդումով այսօր` սեպտեմբերի 16-ին, հանդես եկավ Համաշխարհային հայկական կոնգրեսի հիմնադիր, ռուսաստանահայ գործարար Արա Աբրահամյանը:

Աբրահամյանը, որը Ռուսաստանի հայկական համայնքի ամենաազդեցիկ դեմքերից է, հորդորում էր լրագրողներին օգտագործելու իրենց ազդեցությունը` հիշեցնելով հավաքի 100-ից ավելի մասնակիցներին, որ «նրանց պատահական չեն «չորրորդ իշխանություն» անվանում»:

Նկարագրելով ներկա տխուր վիճակը` իրեն լավատես համարող Աբրահամյանն ասաց, որ Հայաստանն ու սփյուռքը միավորելու և հզորացնելու տարբեր միջոցներ կան, և լրատվամիջոցներն այդ հզորացման աղբյուրն են:

Միլիոնատեր հասարակական գործիչը հռետորական հարցով դիմեց ունկնդիրներին` «Ովքե՞ ր են ձեր հերոսները»` շեշտելով, որ նրանց հրապարակումները ազգային հպարտության զգացում չեն առաջացնում:

«[Ղարաբաղյան] պատերազմի ժամանակ մենք միասնական էինք, դրա շնորհիվ էլ հաղթեցինք,- ասաց Աբրահամյանը: - Բայց մենք կորցրել ենք այդ ոգին, կորցրել ենք հավատը ապագայի նկատմամբ»:

Երևան մեկնելուց առաջ` նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու նպատակով, Աբրահամյանը շեշտեց սփյուռքի տարբեր օջախների միջև կամուրջ կառուցելու անհրաժեշտությունը և հորդորեց կոնֆերանսին ներկա լրատվամիջոցներին (որոնք մասնակցում էին համաժողովին Աբրահամյանի ղեկավարած կազմակերպության աջակցության շնորհիվ) դառնալու այդ կամուրջը:

«Եթե լրատվամիջոցները և այլ հաստատություններ միասնական լինեն, մեր գործունեությունը տասնապատիկ արդյունավետ կլինի»,- ասաց Աբրահամյանը:

Սակայն նա նաև նշեց, որ Հայաստանի լրատվամիջոցները «տարածաշրջանում ամենավատ վիճակում են»:

Մոտ 130 մասնակից ունեցող եռօրյա կոնֆերանսի նպատակներից մեկը Հայաստանի և սփյուռքի լրատվամիջոցների համահայկական խորհրդի ստեղծումն է:

Աբրահամյանը բերեց իր կազմակերպության օրինակը` ցույց տալու միավորման անհրաժեշտությունը:

Նա ասաց, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին և երկրորդ համաժողովներից հետո մասնակիցները «գնացին իրենց տները և մոռացան» համաժողովի որոշումների մասին:

Առողջարանային Ծաղկաձոր քաղաքում հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի և ինտերնետային լրագրողների այս հավաքը ևս մեկ քայլ  է դեպի Հայաստանի, սփյուռքի և նրանց ղեկավարության միջև լրատվական կապ հաստատելու գործում:

«Մենք հասկացանք, որ անկախ նրանից, թե ինչ ենք անում սփյուռքում, առանց Հայաստանի կառավարության աջակցության ոչինչ հնարավոր չէ անել»,- ասաց Աբրահամյանը:

Աբրահամյանը նաև ընդգծեց Հայաստանում սփյուռքի ներկայության ուժեղացման անհրաժեշտությունը:

«Սփյուռք-Հայաստան հարաբերությունները ցածր մակարդակի վրա են,- ասաց նա: - Օգտագործվում է սփյուռքի ներուժի ընդամենը 10 տոկոսը: Սփյուռքը չի կարող ուժեղ լինել առանց Հայաստանի աջակցության»: