Հայաստան-սփյուռք III համաժողով. Օսկանյանն ասում է, որ աղքատության վերացումը սկսվում է այսօր

Կարծես հանդես գալով պետության ղեկավարի դերում` Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր կոչ արեց սփյուռքին դառնալու արտգործնախարարության կողմից իրականացվող ծրագրի «առաքյալներ», որի նպատակը Հայաստանի գյուղերում մինչև 2020 թվականը աղքատության վերացումն է:

Երբ սկսվեց Հայաստան-սփյուռք երրորդ համաժողովի նիստը (նախատեսվածից մեկ ժամ ուշացումով), վարչապետ Անդրանիկ Մարգարյանից և կառավարության այլ անդամներից հետո ելույթ ունեցավ արտգործնախարարը` անդրադառնալով մի հարցի, որը հայտնի է բոլորին, բայց չի արժանացել բավարար ուշադրության:

Մայրաքաղաքում գրանցված առաջընթացը չի հասել հանրապետության բնակչության լայն զանգվածներին:

Ներկայացնելով 112-էջանոց երկլեզու «Գյուղական աղքատության վերացումը» զեկույցը` Օսկանյանն ասաց գրանցված 1985 մասնակիցներից դահլիճում ներկա մի քանի հարյուրին. «Այս հանդիպումը [կլոր սեղանի շուրջ] ազդարարում է ծրագրի մեկնարկը»:

Արտգործնախարարի նախաձեռնած ծրագիրը (որի մասին առաջին անգամ հայտարարվել է հուլիսին) արժանացել է նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության աջակցությանը:

Նյույորքցի գործարար Կարո Արմենը, որի «Հայաստանի երեխաների հիմնադրամը» (ՀԵՀ) դարձել է կառավարության նոր ծրագրի մոդել, գովեց Հայաստանը «սահմանափակ հնարավորություններով մեծ գործ անելու» համար և կոչ արեց սփյուռքի իր հայրենակիցներին համախմբվել արտգործնախարարի նախաձեռնության շուրջ:

Իր կողմից Օսկանյանն ասաց, որ «Գյուղական աղքատության վերացում» ծրագիրը մասնակցության «հնարավորություն է տալիս ամեն հայի» և կոչ արեց «2000 առաքյալներին» (համաժողովի մասնակիցներին) իրենց համայնքներով ձեռնամուխ լինելու թեկուզ «մեկ դպրոցի, մեկ դասարանի» աջակցության գործին:

Օսկանյանն ասաց, որ եթե սփյուռքը կարողանա ներդնել 20 միլիոն դոլար, ապա ի սկզբանե 50 գյուղի համար նախատեսված ծրագիրը կարող է ավելի ընդլայնվել:

Նրա կրքոտ խոսքն այն մասին, որ ծրագրի առաջին 5-ամյա փուլում արդեն հայտնի են 30 հովանավորների անունները, առաջ բերեց «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում հավաքվածների բուռն ծափահարությունները:

Ինչպես ներկայացված է զեկույցում, ծրագիրը ելնում է այն դրույթից, որ «շատ ու շատ համայնքներում տնտեսական ու սոցիալական բնականոն զարգացում տեղի չի ունենում»:

Ծրագիրը խոստանում է «տրամադրել հավելյալ օժանդակություն զարգացած ենթակառուցվածքների և տնտեսական աջակցության տեսքով», որպեսզի «գյուղական համայնքները դուրս քան աղքատությունից և շարժվեն դեպի կենսունակ զարգացում և ինքնուրույնություն»:

Նյութը պատրաստելուն մասնակցել է «ԱրմենիաՆաուի» թղթակից Գայանե Աբրահամյանը: