Ռուսաստանը և տարածաշրջանը. տարաձայնություններ Մոսկվայի և Անկարայի միջև Սիրիայի շուրջ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարող են վատթարանալ սիրիակսն ճգնաժամում Մոսկվայի միջամտության պատճառով, և վերլուծաբանները փորձում են պարզել, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա:

Թուրքիան մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ նրա օդուժը երկու անգամ խախտել է Թուրքիայի, կնշանակի` ՆԱՏՕ-ի օդային տարածքը: Դաշինքը շտապ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի արդյունքներով կոչ է արել Ռուսաստանին չխախտել Հյուսիսատլանտյան դաշինքի օդային տարածքը: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ մեկտեղ Ռուսաստանը կկորցնի ոչ միայն բարեկամ, այլև շատ այլ բաներ:

Փորձագետների մեծ մասը հակված է այն կարծիքին, որ երկու երկրների միջև հարաբերությունները դժվար է փչացնել, քանի որ նրանք կապված են չափից ավելի պարտավորեցնող պայմանագրերով և համաձայնագրերով: Մասնավորապես, Օսմանյան կայսրության փլուզումից հետո հայկական հողերը բաժանվել են ռուս-թուրքական Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնք գործում են մինչ օրս: Եվ երկու երկրների միջև տարաձայնությունները կարող են հանգեցնել այս պայմանագրերի վերանայմանը, ուստի երկու երկրները ջանալու են առճակատման չգնալ:

Ահա թե ինչու վերլուծաբանները խոսում են տարաձայնությունների խաղարկման և այն մասին, որ իրենց առաջնորդների վարած քաղաքականության պատճառով միջազգային մեկուսացման մեջ հայտնված Թուրքիան և Ռուսաստանը իրականում օգնում են իրար դիմակայելու: Հարցն այն է, որ երկրներից մեկը կամ, գուցե, երկուսը, հնարավոր է` աշխարհաքաղաքական ֆիասկո կրեն:

Ղարաբաղյան խնդիրը նույնպես այն հարցերի շարքում է, որոնք բխում են ռուս-թուրքական պայմանագրերից: Վերջին ամիսներին այս խնդիրն աչքի է ընկել սահմաններին լարվածության աճով և հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնելու հավանականության մասին ակնարկներով: Սակայն դատելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև առճակատման սրումից, ինչպես նաև նրանից, որ Ռուսաստանը զբաղված է Սիրիայում, Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու մասին խոսակցությունները լռել են:

Ավելին, ադրբեջանցի փորձագետները պնդում են, որ խաղաղապահներ տեղակայելու մասին ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները խափանվել են, ինչը կապում են թե՛ Ռուսաստանի և թե՛ Թուրքիայի թուլանալու հետ:

Անհաջողության է մատնվել նաև Բելառուսում ռազմաօդային բազա տեղակայելու Ռուսաստանի փորձը. երեկ այս երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին ԵՄ-ի հետ սահմանին ռուսական ռազմակայան պետք չէ:

Այս փաստերը վկայում են այն մասին, որ Ռուսաստանը վա բանկ է գնացել և կարող է կորցնել աշխարհաքաղաքական դիրքերը: Փորձագետները հաշվում են քաղաքական և տնտեսական առումներով Ռուսաստանի հետ կապված երկրների համար դրա հետևանքները: Մասնավորապես, կարծիք կա, որ կարող են փլուզվել ռուսամետ ԵԱՏՄ և ՀԱՊԿ դաշինքները: