Գազային քաղաքականություն. նախագահ Սարգսյանն այցելում է Թբիլիսի «Գազպրոմի» հետ Վրաստանի բանակցությունների ֆոնին

Այսօր` հոկտեմբերի 30-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնում է հարևան Վրաստան: Այցի մասին հայտարարվել էր միայն նախօրեին և ենթադրությունների տեղիք տվել, որ տարածաշրջանում պատրաստվում են ինչ-ինչ ձևափոխումներ: Այս կարծիքի համար հիմք են ծառայել այցի մասին պաշտոնական հաղորդագրությունը. «կնախանշվեն հայ-վրացական հարաբերությունների օրակարգն առաջ մղելու նոր հեռանկարները»:

Նոր հեռանկարները, ըստ երևույթին, նախանշվում են գազի ոլորտում: Վրաստանն աշխույժ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմից» մեծ ծավալով գազ գնելու շուրջ: Ներկայումս Վրաստանը «Գազպրոմից» տարեկան ստանում է 3 մլրդ խորանարդ մետրի կարգի գազ, որից 2 միլիարդը տարանցվում է Հայաստան, մի մասը վերցվում է որպես տարանցման վճար, իսկ մյուս փոքր մասը` առևտրային օգտագործման նպատակով:

Սպառման համար իր գազի հիմնական մասը Վրաստանն ստանում է Ադրբեջանից:
Թբիլիսիում չեն հասկանում, թե Վրաստանի ինչի՛ն է պետք ռուսական գազը, եթե Ադրբեջանը կարող է ամբողջությամբ բավարարել գազի պահանջը: Սակայն, ամենայն հավանականությամբ, նախաձեռնությունը բխում է Ռուսաստանից, որը ցանկանում էՎրաստանի և Հայաստանի միջոցով գազ վաճառել Իրանում:

Իրանն ունի աշխարհում գազի ամենախոշոր պաշարներից մեկը, բայց, ինչպես նշել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, Ռուսաստանը և Իրանը պայմանավորվում են գազի փոխանակվող մատակարարման մասին: Այլ խոսքով` Իրանը Հայաստանի սահմանին գնում է ռուսական գազը իր հյուսիսային շրջանների համար, և դրա հաշվին հարավում վաճառում է իր գազը որպես ռուսական: Այսկերպ Ռուսաստանը հույս ունի իր գազը հասցնել մինչև Պարսից ծոց:

Տնտեսագետներն այս նախագծի օգուտները նվազագույնն են գնահատում, սակայն քաղաքական առումով Ռուսաստանը վերահսկողություն է ձեռք բերում իրանական գազի հայ-վրացական տարանցման վրա և թույլ չի տալիս Եվրոպային հայ-վրացական տարանցմամբ իրանական գազ ստանալ:

Այս նախագիծը բավականին բացասաբար է ընկալվել Վրաստանում, որը տնտեսական առումով հնարավոր է` օգուտ ստանա դրանից: Սակայն Վրաստանի ընդդիմությունը կտրականապես դեմ է հարաբերությունները սերտացնելուն «Գազպրոմի» հետ, որին համարում են Ռուսաստանի օկուպացիոն գործիք:

Սակայն Սերժ Սարգսյանի այցը Թբիլիսի խոսում է այն մասին, որ Ռուսաստանին հաջողել է համոզել Հայաստանին և Վրաստանին: Ըստ էության, նախագծի էությունը իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա շրջափակելն է, որը, հավանաբար, պետք է փնտրի այլ ուղիներ` դարձյալ Հայաստանը և Վրաստանը շրջանցող: Տնտեսական առումով ի՞նչ կստանա Հայաստանը ռուս-իրանական նախագծից` դժվար է հաշվարկել: Բայց քաղաքական առումով Երևանը կրկին տանուլ կտա և կրկին կդառնա հակաարևմտյան նախագծում Ռուսաստանի գործակիցը: