Հայ փորձագետ. Ադրբեջանի ընտրություններում Ալիևի կլանի հաղթանակը պարտություն է ժողովրդի համար

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից հետո չպետք է որևէ դրական փոփոխության սպասել հակամարտության գոտում, ճիշտ հակառակը՝ իրավիճակը կարող է ավելի սրվել՝ պնդում է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

«Ընտրություններից հետո կամրապնդվի ադրբեջանական դիկտատուրան. ռեժիմն ավելի կագրեսիվանա, ռազմաճակատում զոհեր կարձանագրվեն, եթե պատրաստ չլինենք վտանգին: Իլհամ Ալիևը հիմա է՛լ ավելի ագրեսիվ է և չի վախենում Արևմուտքի քննադատությունից, քանի որ հնարավոր է` իրենք էլ անդամակցեն Եվրասիական տնտեսական միությանը և այդկերպ արժանանան Ռուսաստանի բարեհաճ վերաբերմունքին»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը պնդեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը:

Կիրակի Ադրբեջանում անցկացված խորհրդարանի ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, որը, ըստ Այվազյանի՝ նոր անակնկալներ կմատուցի հայկական կողմին, և «թեժ ձմեռ» կլինի:

«Պատահական չէր, որ ընտրությունները նույն օրն էին նշանակված և՛ Թուրքիայում, և՛ Ադրբեջանում: Ադրբեջանը փորձում է հայկական լսարանի համար ևս մեկ անգամ շեշտել Թուրքիայի հետ ռազմավարական եղբայրական հարաբերությունները, որ իրենք երկու պետություն են, բայց մեկ ազգ»,- նշեց նա:

Այվազյանի կարծիքով՝ Ադրբեջանի պատմության ընթացքում սա ամենախայտառակ ընտրություններից էր: «Դա անշուշտ Ալիևի կլանի անվերապահ հաղթանակն էր, բայց ծանր ու ցավոտ պարտություն էր Ադրբեջանի բազմազգ ժողովրդի համար, որը հետ շպրտվեց մութ միջնադար»,- նկատեց ադրբեջանագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ընդդիմադիր գործիչներին, Այվազյանը հավելեց, որ ովքեր կարող էին իրական այլընտրանք դառնալ ալիևյան ֆաշիստական ռեժիմին, կա՛մ սպանված են, կա՛մ բանտ են նետված: