Թուրքիայի ընտրություն. երեք հայազգի հայերը պահպանել են իրենց տեղերը խորհրդարանում

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվել են երեք հայազգի պատգամավորներ`«Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ, իրավաբան Սելինա Դողանը, լրագրող Մարգար Եսայանը և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո (Կարապետ) Փայլանը:

Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունները նշանակվեցին հունիսին կայացած ընտրություններից հետո, երբ առավելագույն ձայներ ստացած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չկարողացավ անցնել նախատեսված շեմը: Տապալվեցին նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հետ համատեղ կառավարություն ձևավորելու բանակցությունները:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում 50 տոկոս ձայների առավելությամբ հաղթանակ է տարել նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը` ձևավորելով միանձնյա կառավարություն:

Նոր կառավարությունը, սակայն, չի փոխի հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի որդեգրած գործելակերպը` կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը.

«Ներկայումս Թուրքիան խնդիրներ ունի Սիրիայի, ինչպես նաև քրդական շարժման հետ, և Հայաստանի հետ հարաբերություններ լավացնելու ժամանակը չէ»,- ասաց նա:

Նրա համոզմամբ` առհասարակ հայկական հարցը Թուրքիայում ազգային խնդիր է, որի դեպքում պետական, և ոչ թե կուսակցական քաղաքականություն է վարվում:

«Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր կառավարություններ են փոխվել Թուրքիայում, բայց վերաբերմունքը Հայաստանին և հայկական հարցին նույնն է մնացել»,- նշեց նա:

Հատկանշական է, որ Թուրքիայում կառավարության փոփոխության դեպքում հնարավոր էր բարելավում ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում, քանի որ «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավոր մրցակից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը բարեհաճ վերաբերմունք ունի հայկական հարցին, ավելին, կուսակցության առաջնորդը դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը: