Սիրիական պատերազմ. մերձավորարևելյան երկրի քաղաքացիական պատերազմը ծանր հետք է թողել հայ համայնքի վրա

Չորս տարի ձգվող սիրիական քաղաքացիական պատերազմը ջլատել է նաև Հալեպի 50-հազարանոց հայկական հզոր համայնքը, որի հետևանքով այսօր գրեթե կեսը դուրս է եկել երկրից, մնացածները կենտրոնացել են Դամասկոսում և երկրի հյուսիսում:

Սիրիահայ պատմաբան Գևորգ Յազճյանը նշում է, որ 15-17 հազար սիրիահայեր են վերադարձել Հայաստան, նույնքան էլ՝ Բեյրութ, մի մասն էլ տեղափոխվել է երկրի հյուսիս-արևելք՝ քրդաբնակ շրջաններ: Ըստ պատմաբանի` երկրից դուրս եկածների մի զգալի մասը ընդհանրապես չի ծրագրում վերադառնալ ծննդավայր, քանի որ Սիրիայում կորցրել է ամեն ինչ, սակայն քիչ չեն նաև այն սիրիահայերը, ովքեր սպասում են վիզաների Հայաստանից հեռանալու և այլ երկրներում հաստատվելու համար:

Անդրադառնալով քեսաբահայությանը` Յազճյանը նշում է, որ հայ բնակչության 40 տոկոսը վերադարձել է` մոտ 1000 մարդ, որոնց մեջ քիչ են երիտասարդները, քանի որ նրանցից շատերը ծառայում են սիրիական բանակում:

2014 թ. մարտի 21-ին թուրքական սահմանից ահաբեկչական խմբավորումները ներխուժեցին Քեսաբ և հարակից 12 գյուղերը, դարձնելով տարածաշրջանը սիրիական պատերազմի ամենաթեժ կետերից մեկը: Միայն 87 օր անց սիրիական ազգային բանակը ազատագրեց Քեսաբը:

«Քեսաբում և Լաթաքիայում վերջին շրջանում բնակչությունն ավելացել է Հալեպից եկած հայերի շնորհիվ, քանի որ այսօր Քեսաբում վիճակը համեմատաբար կայուն է, չնայած շրջակա բլուրներից թնդանոթների ձայներ են լսվում: Ուզում եմ նաև նշել Քեսաբին մոտ գտնվող Յակուբի և Կնիե հայկական ծագում ունեցող արաբախոս երկու գյուղերի մասին, որոնց մասին քիչ տեղեկատվություն կա: Այս գյուղերը նույնպես գրավված են, և այնտեղից էլ են մարդիկ գնացել և բնակություն հաստատել Քեսաբում,- ասել է պատմաբանը: - Հայեր կան նաև Ղամիշլիում և Հասաքե շրջաններում, որտեղ գործում են քրդական ինքնապաշտպանական ջոկատները, որոնք և բավականին լավ են վերաբերվում հայերին»:

Յազճյանը հետաքրքիր դիտարկում է արել հայ արհեստավորների մասին. նրանցից շատերը, հատելով կառավարական բանակի և ապստամբների խմբավորումների սահմանը, գլխահարկ վճարելով, գնում են վերանորոգելու զինյալների սարքավորումները և մեքենաները:

«Պատերազմող կողմերը երբեմն ծածուկ պայմանավորվածություն են ունենում: Ասում են՝ այնտեղ լավ էլ վճարում են, որովհետև արհեստավորների կարիք ունեն, իսկ Հալեպում էլ հայերից շատերը աշխատանք չունեն, բացակայում են առաջին անհրաժեշտության ապրանքները: Ամենալուրջը ջրի խնդիրն է: Նորից օգտագործվում են հին ջրհորները, կամ էլ պետական բանակն է ջուր հասցնում բնակչությանը»,- ասել է պատմաբանը:

Մինչև այժմ Սիրիայում զոհվել է 50 խաղաղ սիրիահայ, ազգությամբ հայ 10 զինվոր սպանվել է բանակում, ևս 50 հայ քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Անդրադառնալով ռուսական օդուժի գործողություններին` պատմաբանը նշել է. դրական ազդեցությունը բավականին մեծ է, գործածվում է ճիշտ տեխնիկա, մինչդեռ սիրիական բանակի ցամաքային գործողությունների արդյունավետությունը բավականին ցածր է, քանի որ այնտեղ մեծ թիվ են կազմում դասալիքները: Ցամաքային գործողություններում նրանց օգնում է «Հեզբոլլահը»:

«Ռուսական օդուժն ու սիրիական բանակը կարող են հաջողությունների հասնել, բայց պատերազմի հանգուցալուծման համար այդ զանգվածներին պետք առաջարկել նաև նոր գաղափարախոսություն, որը կհամապատասխանի նրանց կրոնական պատկերացումներին ու աշխարհընկալմանը: Արևմտյան ժողովրդավարությունն այնտեղ չի անցնի։

Համաարաբականության գաղափարը նույնպես չի համոզի մարդկանց: Այդ խմբավորումները վերացնելու համար պետք է ունենալ նոր գաղափարախոսություն»,- ասել է Յազճյանը: