Անհանգիստ վիճակ տարածաշրջանում. Փարիզի հարձակումները Հայաստանում բարձրացնում են զգոնությունը ԻՊ-ի սպառնալիքի առաջ

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, ըստ փորձագետների՝ ձեռնոց էր` նետված ոչ միայն Եվրոպայի քաղաքակրթության կենտրոնին՝ Ֆրանսիային, այլև ողջ քրիստոնեական աշխարհին:

Հայաստանը, որն ընդամենը 400 կմ է հեռու բուն պատերազմական գործողություններից և շրջապատված է մահմեդական երկրներով, հնարավոր է` դառնա «Իսլամական պետության» (ԻՊ) թիրախներից մեկը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշում է, որ ԻՊ-ի քարտեզում ընդգրկված է նաև Հայաստանը:

Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 19-ին Երևանում անցկացվող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ Ռոութ սեմինարի ընթացքում իր ելույթում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձրաձայնել էր Հայաստանի համար «Իսլամական պետության» սպառնալիքի մասին:

«ԻԼԻՊ-ի շարքում են բազմաթիվ ադրբեջանցիներ, նաև Կովկասի այլ ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնք վերադառնալով իրենց երկրներ՝ սպառնալիք են հանդիսանալու նախ` նրանց, հետո էլ` Հայաստանի համար»,- ասել էր Օհանյանը:

Անցյալ շաբաթ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում պատասխանելով «Ռեգնում» գործակալության հարցին, թե Արցախի նախագահը հնարավոր համարո՞ւմ է, որ Ստեփանակերտի օդակայանի շահագործման հանձնվելուց հետո ԼՂՀ-ը կմիանա Միջին և Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին, ԼՂՀ նախագահը նախ ասել է, թե իր երկիրը կարողանում է դիմակայել Ադրբեջանի հարձակումներին, և դա արդեն հակաահաբեկչական պայքարի դրսևորում է:

«Եթե Ստեփանակերտի օդանավակայանը շահագործվի, ԼՂՀ-ն պատրաստ է բանակցելու այդ հարցի շուրջ»,- ասել է նախագահ Սահակյանը:

Ստյոպա Սաֆարյանը «ԱրմենիաՆաուին» ասել է, որ Բակո Սահակյանը այդ հայտարարությամբ փորձում է լուծել Արցախի օդակայանի միջազգային կարգավիճակի հարցը, ինչը, իհարկե, Հայաստանը և ԼՂՀ-ը նույնպես թիրախ կդարձնի «Իսլամական պետության» համար:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով էլ` եթե Արցախի օդակայանն այդ նպատակով տրամադրվի Ռուսաստանին, ապա Մերձավոր Արևելքում ապրող հայերի շուրջ լարվածություն կառաջանա, նրանք թիրախ կդառնան:

«Մյուս կողմից էլ՝ եթե Ռուսաստանը նման բան անի, դա ինչ-որ տեղ կարող է նշանակել, որ այդ երկիրը ճանաչում է ԼՂՀ անկախությունը: Բայց ցանկացած դեպքում պետք է հաշվարկ արվի: Եթե իսկապես Բակո Սահակյանը նման բան է ասել, ապա դա շատ համարձակ հայտարարություն է: Միգուցե նա Մոսկվայում ասել է, թե մենք պատրաստ ենք օդակայանը տալ օգտագործելու ինչ-ինչ գործողությունների համար, բայց չի ասել, թե հակաահաբեկչական գործողությունների համար: Շատ կարևոր են դրված շեշտադրումները:

Բայց ցանկացած դեպքում պետք է հասկանալ, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում ներքաշվելն իրոք վտանգավոր է: Դա կունենա իր լուրջ հետևանքները»- 1in.am-ին ասել է Գրիգորյանը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նման հայտարարությամբ Բակո Սահակյանը երկու կարևոր բան է փաստել` օգնել օդակայանը աշխատեցնելուն, և որ իրենք պատրաստ են հարցը քննարկելու:

«Եթե չանեն երեք համանախագահներով, ապա կյանքը կարող է ստիպել միայն մեկով անելու: Դե, թող տեղից շարժվեն ու խոսելու տեղը երեք համանախագահներով իրենց հենց շահերից դրդված ներգրավվեն ու օդանավակայանի շահագործումն իրականացնեն: Իսկ երկրորդ հարցը հենց այն է, որ երկար փորձում ենք աշխարհին բացատրել` Արցախը կայացած միավոր է և միշտ պատրաստ է քննարկումների ու բանակցությունների»,- գրել է Պողոսյանը: