Ռազմաբազայի ուժեղացում. Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ավելի շատ ռազմական տեխնիկա է տեղակայվել` ուժեղացնելու Հայաստանում իր ավիացիոն խումբը:

Դեկտեմբերի 21-ին արված հայտարարությամբ նախարարությունն ասել է, որ 6 մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ են տեղափոխվել Հայաստանի մայրաքաղաքի մոտ գտնվող բազա:

Այն նշել է, որ «Մի-24» և «Մի-8» ուղղաթիռները վերջին օրերին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում տեղակայված Հարավային ռազմական օկրուգից տեղափոխվել Երևանի «Էրեբունի» ռազմական օդակայան:

Դեկտեմբերի ավելի վաղ Ռուսաստանն արդեն յոթ ուղղաթիռ է տեղափոխել Հայաստան, որը համարվում է նրա գլխավոր տարածաշրջանային դաշնակիցը և Գյումրում տեղակայված ռազմաբազա ունի:

Հայաստանում ռուսական ռազմական ներկայության ներկայիս ամրացումը տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի սահմանակից Թուրքիայի միջև պահպանվող լարվածության ֆոնին:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, սակայն, նշում է, որ այդ քայլը չի արտացոլում աշխարհաքաղաքական վերջին զարգացումները, քանի որ Ռուսաստանը վաղուց էր ծրագրում ավելացնել իր ուղղաթիռային էսկադրիլիան Հայաստանում:

«Այն, որ 18 ուղղաթիռ պետք է ուղարկեն Հայաստան, սրա մասին խոսվում էր դեռևս 2013 թվականից, պարզապես նոր են բերել։ Հասկանում եմ, որ շատերը տրամաբանորեն դա փորձում են կապել Ռուսաստան-Թուրքիա խնդրի հետ, բայց դա պարզապես համընկավ»,- երկուշաբթի ասել է նա «Ա1+»-ին: