Տարածաշրջանային համագործակցություն. Հայաստանը, Իրանը, Վրաստանը և Ռուսաստանը քննարկում են «էներգետիկ միջանցքի» ստեղծման հարցը

Աշխարհաքաղաքական զարգացումների կտրուկ շրջադարձերը, ըստ քաղաքագետների, տարածաշրջանում սրում են երկրների միջև հարաբերությունները, ինչի արդյունքում Հայաստանը պետք է կարողանա հօգուտ սեփական շահերի քաղաքականություն վարել:

Արևելագետ Ռուդիկ Յարալյանը, անդրադառնալով Իրան-Ադրբեջան, Իրան-Թուրքիա հարաբերությունների լարվածությանը, նշում է, որ Հայաստանի համար հնարավորություն է ստեղծվում վերածվելու Իրանի համար հիմնական գործընկերոջ: Նա հիշեցնում է Իրանի առաջին փոխնախագահի՝ Էսհաբ Ջահանգիրի հայտարարությունը Հայաստան կատարած այցի ժամանակ. «Իրանը Հայաստանը դիտարկում է որպես հիմնական տարանցիկ երկիր»:

Հիշեցնենք, որ այս շաբաթ Հայաստանում բանակցություններ են վարել և փոխըմբռնման հուշագիր ստորագրել Հայաստանի, Իրանի ու Վրաստանի էներգետիկայի նախարարները և ռուսաստանյան «Ռուսական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրենը: Ըստ հուշագրի` չորս երկրները պայմանավորվել են ստեղծել համակարգող խումբ, որն աշխատելու է չորս երկրները կապող էներգետիկ միջանցքի ստեղծման ուղղությամբ:

Ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության՝ նախատեսվում է մինչև 2018 թ. շահագործման հանձնել Հայաստան-Վրաստան 400/500 կՎտ էլեկտրահաղորդման գիծը, ինչի արդյունքում Վրաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքի հզորությունը 2021 թ. կկազմի 700 Մվտ:

2018 թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Հայաստան-Իրան 400 կՎտ էլեկտրահաղորդման երրորդ բարձրավոլտ գիծը, որի կառուցումը սկսվել է այս տարվա օգոստոսին, և որի ավարտից հետո հնարավոր կլինի էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու հարևանների միջև հասցնել մինչև 1200 Մվտ հզորության։

Լրագրողների հետ հանդիպմանը էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշել է, որ միայն այդ դեպքում կարող են լիարժեք ձևով իրականացնել այն պայմանագիրը, որը առկա է՝ գազ ստանում են, դիմացը էլեկտրաէներգիա են ուղարկում Իրան, հասցնելով այդ թիվը, ըստ պայմանագրի, մինչև 6,9 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի: Ըստ փոխնախարարի` առկա ծավալները այս պահին 1 միլիարդ 200 միլիոնի սահմաններում են:

Արևելագետ Յարալյանի կարծիքով` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով ընթացող էներգետիկ ոլորտին վերաբերող հանդիպումներն ու պայմանավորվածությունները նշանակալից դերակատարում են ունենալու ապագայում: Նա նշել է, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ամբողջական վերացումից հետո Հայաստանը կկարողանա կապիտալի վերածել Իրանի հետ հարաբերություններում տարիների ընթացքում կուտակած քաղաքական վստահության պաշարը:

Երևանում գտնվող Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Համիդ Չիթչիանին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը կարևորել է և վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունն ու կապերը կնպաստեն բոլոր նախագծերի արդյունավետ և հաջող իրականացմանը:

«Կապահովի տնտեսական շահութաբերություն, կնպաստի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության բարձրացմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանն ու տարանցմանը»,- ասել է Համիդ Չիթչիանին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Իրանի էներգետիկայի նախարարը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների խթանման և այդ ոլորտում առկա մեծ ներուժը լիարժեքորեն օգտագործելու անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերին` նրանք փաստել են, որ իրականություն է դառնում Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ ծրագիրը, ինչը ենթադրում է համապատասխան համակարգերի զուգահեռ աշխատանք Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև:

Նախարար Չիթչիանին, անդրադառնալով հիշյալ երկրների էներգետիկայի ոլորտի պատասխանատուների քառակողմ հանդիպմանը, նշել է, որ այն կարևոր և արդյունավետ քայլ էր տարածաշրջանի այդ երկրների համերաշխության տեսանկյունից և նոր որակ է հաղորդում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանը: