Ուղերձ Անկարային. Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում Թուրքիայի միջադեպից հետո

Ռուսաստանն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում ավելի շատ Թուրքիային ուղերձ հղելու նպատակով, ցույց տալով իր ուժը՝ կարծում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը:

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվեցին անցյալ տարվա նոյեմբերին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցեցին Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցող ռուսական ռազմական օդանավը:

Միջադեպից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ` ասելով, որ դա լրջորեն կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

Հարկ է նշել, որ Գյումրում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը, իսկ Երևանի «Էրեբունի» օդակայանում` օդուժի բաղադրիչը, որտեղ վերջերս տեղափոխվել են նոր ռուսական ռազմական ուղղաթիռներ: Ի դեպ, անցյալ տարվա վերջին Մոսկվան և Երևանը ստորագրել են միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:

«Ռուսաստանն ուղղակի ուժեղացնում է իր ռազմական բաղադրիչը Հայաստանում, բայց ես դա չեմ դիտարկում Հայաստանի ուղեծրում, այլ հակված եմ տեսնելու թուրքական սահմանի ուղեծրում: Քանի դեռ Թուրքիայում և Ռուսաստանում այս իշխանություններն են, լարվածությունը կպահպանվի, և նախկին հարաբերությունների կեսն անգամ չի լինի»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանը նշել է Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով՝ ռուսական զենքի հոսքը Հայաստան պայմանավորված է ռուս-թուրքական հարաբերություններով. «Ռուսաստանը Թուրքիային ուժի ցուցադրություն է անում, ճիշտ այնպես, ինչպես ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեայի սահմանին է ցուցադրական թռիչքներ իրականացնում»,- նկատել է նա:

Քաղաքագետի խոսքով՝ առայժմ դժվար է կանխատեսել, թե Հայաստանն ինչպես կներգրավվի տարածաշրջանային այդ գործընթացների մեջ, սակայն զերծ մնալն անհնար է, իսկ տարածաշրջանային լարվածությունը չի կարող բարենպաստ լինել որևէ կողմի համար: