Բախտը երես է թեքում. նավթով հարուստ Հայաստանի հակառակորդի եկամուտները նվազում են

Հարևան Ադրբեջանում մանաթի արժեզրկումն ու դրանից ածանցյալ ապրանքների գների բարձրացումը, զանգվածային բողոքի ցույցերն ու ձերբակալությունները թեև անմիջականորեն չեն սպառնա Հայաստանին, սակայն հակառակորդ երկրում տիրող իրավիճակը չի կարող անտարբել թողնել:

Ադրբեջանի կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ից անցում կատարեց արտարժույթի լողացող փոխարժեքի, որից հետո դոլարի և եվրոյի փոխարժեքը մանաթի նկատմամբ աճեց համապատասխանաբար 47,6 և 47,9 տոկոսով: Այս օրերին արդեն Ադրբեջանում դոլարի և եվրոյի փոխարժեքն օրեցօր բարձրանում է՝ հանգեցնելով կտրուկ գնաճի:

Հունվարի 13-ին Ադրբեջանի կենտրոնական բանկը 1 դոլարի դիմաց սահմանել է 1,5682 մանաթ, մեկ եվրոյի համար՝ 1,7069 մանաթ:

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցյալ շաբաթավերջից գործնականում դադարել է դոլարի ու եվրոյի վաճառքը, իսկ արտարժույթի փոխանակման կետերը փակվել են: Արտարժույթ հնարավոր չէ ձեռք բերել անգամ պլաստիկ քարտերով: Այս իրավիճակում աշխուժացել է «սև շուկան», որտեղ դոլարը վաճառվում է 1,9-2 մանաթով, իսկ եվրոն՝ 2-2,1 մանաթով:

Ադրբեջանում ազգային արժույթի արժեզրկումը կապվում է նավթի գների անկման հետ: 2003 թվականի դեկտեմբերից հետո առաջին անգամ WTI նավթի գինը մեկ բարելի դիմաց իջել է 30 դոլարից, իսկ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, երկրի պետբյուջեն էլ 75 տոկոսով ձևավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Հունվարի 10-ին անցկացված կառավարության նիստում այս հարցին անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ 2016 թ. կառավարության առաջնային խնդիրը համարելով էկոնոմիկայի նավթային ոլորտի զարգացումը և էներգակիրներից կախվածության նվազեցումը:

«Նավթից կախվածությունը նվազում է: Բայց մենք պետք է նվազագույնի հասցնենք այն, որպեսզի ապագայում կախում չունենանք նավթի գներից»,- ասել է Ալիևը՝ «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ:

Ալիևը համապատասխան պետական մարմիններից և գլխավոր դատախազությունից պահանջել է նաև անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ արժութային շուկայում սպեկուլյացիան կանխելու և պարենային ու այլ ապրանքների գները կայունացնելու համար:

Սակայն դրանից հետո էլ իրավիճակը չի բարելավվել:

Այս օրերին ադրբեջանական մամուլը ողողված է ճգնաժամի սպառնալիքի տակ հայտնված ոլորտների մասին անդրադարձներով: Նշվում է, որ ճգնաժամը սպառնում է զբոսաշրջությանը, ադրբեջանական հյուրանոցները գրեթե դատարկ են, թանկացել և գրեթե գնորդ չունեն ոսկե զարդերը, իսկ մշակութային կյանքը ժամանակավորապես կանգ է առել, սակայն ադրբեջանցիներից շատերի կարծիքով` այս ամենը միայն սկիզբն է, ավելի մեծ մարտահրավերները դեռ առջևում են:

Մամուլում նշվում է, որ ադրբեջանցիներից շատերը գերադասում են մեկնել Ռուսաստան և այնտեղից բերել առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք Ադրբեջանում կա՛մ արդեն չկան, կա՛մ էլ շատ թանկ արժեն: Սակայն դա էլ հարցի լուծում չէ, քանի որ սահմանագոտում Ադրբեջանի սահմանապահները 10 կգ-ից ավելի բեռ թույլ չեն տալիս անցկացնել:

Երկրում տիրող իրավիճակը ստիպել է դուրս գալ փողոց, և այս օրերին Ադրբեջանի տարբեր քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են մասնակիցների ձերբակալումներով:

Բացի այդ, շատացել են նաև ֆինանսական հողի վրա կատարվող ինքնասպանություններն ու դրանց փորձը:

Մասնավորապես, երեքշաբթի հաղորդվել է, որ Ադրբեջանի քաղաքներից մեկում երեք երիտասարդ բարձրացել է հինգհարկանի շենքի տանիք ու ցանկացել ցած նետվել, ինչը սակայն ժամանակին կանխվել է: Երիտասարդներից մեկը նշել է, որ չի կարողացել 30 կոպեկ գտնել, որպեսզի հաց գնի:

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ ադրբեջանցիներն առավել ակտիվ են դարձել և սկսել են պայքարել երկրում տիրող իրավիճակի դեմ:

«Մի քանի օր առաջ հանրապետություն հռչակեցին այսպես կոչված կղզիներից մեկում, երեքշաբթի փակել էին Ադրբեջանի կարևոր միջպետական մայրուղիներից մեկը, բողոքի ցույցեր նավահանգիստներում և այլն, այսինքն ակնհայտ է, որ հասարակությունն արդեն այն աստիճանի է զգում տնտեսական իրավիճակի ծանրությունը, որ չնայած բոլոր հալածանքներին, նրանք այնուամենայնիվ դուրս են գալիս բողոքի և բարձրացնում հենց տնտեսական հարցեր»,- ասում է Մելիք Շահնազարյանը:

Սակայն այս իրավիճակը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ հայկական կողմի համար այնքանով, որ Ադրբեջանն իր երկրի ներքին խնդիրները լուծելու համար հնարավոր է` օգտագործի հայ-ադրբեջանական խնդիրը, ու սահմաններում լարվածությունն ավելացնի:

Սակայն Հրանտ Մելիք Շահնազարյանը չի կարծում, թե այս անգամ այդ մեթոդը կաշխատի:

«Ադրբեջանի իշխանություններն իրենց ներքին խնդիրները լուծելու համար վաղուց էին օգտագործում սահմանային լարվածության հարցը, անընդհատ փորձում էին արտաքին սպառնալիքի գործոնով չեզոքացնել տնտեսական ոլորտում առաջացած խնդիրները, բայց կարծում եմ` նման քաղաքականությունն իրեն արդեն սպառել է, և Ադրբեջանի հասարակությունն այլևս նույն կերպ չի ընկալում հայկական պետությունների սահմանին տեղի ունեցող միջադեպերը, ինչպես նախկինում: Հասկանում են, որ դժվարությունները պայմանավորված են ոչ այնքան պատերազմական իրավիճակով, որքան պետության ներքին քաղաքականությամբ,- ասում է քաղաքագետը՝ հավելելով, որ պաշտոնական Բաքուն էլ է հասկանում, որ նոր մոտեցումներ են հարկավոր: - Քանի դեռ այդ նոր մոտեցումները չլինեն մշակված, հնարավոր է` առաջիկայում շարունակի կիրառել հին մեթոդները, այսինքն` փորձի պատերազմի վերսկսման վտանգի սպառնալիքով ճնշումներ գործադրել, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ իրենց այդ մեթոդը բացահայտվել է թե՛ Ադրբեջանի հասարակության կողմից և թե՛ միջազգայն հանրության համար»:

Հատկանշական է, որ նավթի գների շարունակական անկման հետևանքով Ադրբեջանը ստիպված է եղել գրեթե կրկնակի կրճատել նաև 2016-ի ռազմական բյուջեն