Վառելիքային իրարանցում. Իրանի գազի հայտը մրցակցություն է ծնում հայկական և վրացական շուկաներում

Վրաստանի կառավարությունը և ռուսական «Գազպրոմը» քննարկում են Վրաստանի տարածքով դեպի Հայաստան բնական գազի տարանցման նոր պայմանները: Վրաստանի ընդդիմությունը և քաղաքացիական շարժումները անցկացնում են բողոքի ակցիաներ` համարելով, որ կառավարությունը չպետք է բանակցություններ վարի Վրաստանի մի մասն օկուպացրած (Թբիլիսին իրենից անջատված Աբխազիան և Հարավային Օսիան համարում է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք 2008 թ. ռուս-վրացական պատերազմից ի վեր) երկրի հետ:

Սակայն կառավարությունը մինչև վերջ չի բացահայտում բանակցությունների էությունը, հայտարարելով միայն որոշ մանրամասներ: Օրինակ` երեքշաբթի Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է Հայաստան գազի տարանցման համար վճարել ոչ թե գազի 10%-ը, ինչպես այժմ, այլ փողով: Բացի այդ, նա ասել է, որ «Գազպրոմը» Վրաստանին գազ է առաջարկում ավելի ցածր գնով, քան ադրբեջանական SOCAR-ը:

Այսօր ադրբեջանական պետական ընկերության ղեկավարը բանակցություններ է վարելու Վրաստանի հետ և, ըստ տրամաբանության, կառաջարկի գազի ավելի ցածր գին:

Վրաստանի և Հայաստանի գազային շուկայի համար պայքարն սկսվել է այս շուկա ավելի էժան գազով մտնելու Իրանի մտադրության առնչությամբ: Դատելով փորձագետների հայտարարություններով` Իրանն առաջարկում է Հայաստանին գազի մատակարարում ավելի ցածր գնով, քան «Գազպրոմը»: Ընդ որում, Վրաստանը ստիպված է փոխել հարաբերությունները «Գազպրոմի» հետ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո, և չի բացառվում, որ Վրաստանը կարող է հրաժարվել դեպի Հայաստան ռուսական գազի տարանցումից: Այդժամ հայկական շուկան կզբաղեցնի Իրանը, և «Գազպրոմը», հավանաբար, այժմ փորձում է պահպանել գեթ վրացական շուկան:

Փորձագետներւ քննարկում են մի քանի տարբերակներ, ընդհուպ ամենահեղափոխական: Օրինակ` մի տարբերակն այն է, որ Իրանը և Վրաստանը որոշել են «Գազպրոմին» Կովկասից դուրս մղել: Ըստ ադրբեջանցի փորձագետների առաջարկած մեկ այլ տարբերակի` Ռուսաստանը Վրաստանի հետ գնային դեմփինգի քաղաքականություն է վարում` կովկասյան շուկան պահպանելու համար, և հնարավոր է նույնիսկ գնի Վրաստանի գազաբաշխիչ ընկերության արժեթղթերի մի մասը:

Համենայն դեպս, փորձագետներն ընդունում են, որ տարածաշրջան գազի մատակարարման սխեմաները կարող են փոխվել, որն էլ կհանգեցնի քաղաքական ձևափոխությունների: Կա՛մ Ռուսաստանը վերջնականապես կհեռանա Հայաստանից և Վրաստանից, կա՛մ «կնվաճի» նաև Վրաստանը:

«Գազպրոմը» համարում են Ռուսաստանի քաղաքական մահակը, բազմաթիվ եվրոպական երկրներ և Ուկրաինան հայտարարել են Ռուսաստանից գազ չգնելու մտադրության մասին` նրա քաղաքական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով: Չի բացառվում, որ նման գործընթաց է սկսվել նաև Կովկասում, որտեղ շատ շուտով կարող է հայտնվել մեկ այլ խաղացող` Իրանը:

Նավթի գների նվազումը բերում է նաև համաշխարհային շուկայում գազի էժանացման, և սա բազմաթիվ փորձագետներ պայմանավորում են էներգետիկայի ոլորտում տեխնոլոգիական զարգացմամբ: Մասնավորապես, խոսվում է նավթի դարաշրջանի ավարտի և էներգիայի նոր աղբյուրների անցնելու մասին, ինչը ստիպում է արդյունահանվող վառելիքի պաշարներ ունեցող երկրներին վաճառել այն ցանկացած գնով: