Մերձավորարևելյան մտահոգություններ. Հայաստանում մարտահրավերներ և հնարավորություններ են տեսնում տարածաշրջանային զարգացումների ֆոնին

Քաղաքագետների գնահատմամբ` Մեծ Մերձավոր Արևելքը, որն այսօր նմանվում է եռացող կաթսայի, չի կարող իր ազդեցությունը չունենալ թե՛ Հայաստանին և թե՛ Հարավային Կովկասի վրա: Տարվա սկզբից տարածաշրջանում տեղի ունեցած երեք կարևոր իրադարձությունները՝ Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտությունը, Թուրքիայում քրդական խնդրի սրումը և նավթի համաշխարհային գների անկման ազդեցությունը Ադրբեջանի վրա, փորձագետների դիտարկմամբ, լուրջ անդրադարձ կունենան հայաստանյան զարգացումների վրա:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը փաստում է. Իրանը Հայաստանի համար հսկայական կարևորություն ունի, հետևաբար Իրանի նկատմամբ տեղի ունեցող զարգացումները կանդրադառնան նաև Հայաստանի վրա:

Անդրադառնալով Սաուդյան Արաբիա-Իրան հակամարտությանը` իրանագետը նշում է, որ երկու երկրների միջև պատերազմի հավանականությունը քիչ է, թեև նրանց միջև հակասությունները կշարունակվեն:

«Սակայն Իրանի անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ազդում են նաև Հայաստանի անվտանգության վրա:

Իրանի շուրջ ցանկացած զարգացում մեզ համար հետաքրքիր է ու կարևոր»,- ասել է Ոսկանյանը:

Արաբագետ Արաքս Փաշայանի կարծիքով էլ` Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունները միշտ էլ լարված են եղել, ընդհուպ՝ 1979 թ.-ից, երբ Իրանում տեղի ունեցավ իսլամական հեղափոխություն:

Ըստ արաբագետի` Պարսից ծոցի երկրները միշտ մտահոգված են, որ Իրանը միջամտում է տարածաշրջանային գործերին և օգտագործում շիական համայնքները՝ իր ազդեցությունն ամրապնդելու համար: Նա նշում է, որ սիրիական պատերազմն ինչ-որ իմաստով արտացոլանքն էր Սաուդյան Արաբիա-Իրան հարաբերությունների, քանի որ Իրանը ցանկանում է պահել Բաշար Ասադի վարչակարգը, իսկ Սաուդյան Արաբիան, ընդհակառակը՝ հեռացնել Ասադին իշխանությունից ու իշխանության բերել սաուդամետ ուժերին:

«Պարսից ծոցի երկրները մի քանի տարի է՝ փորձում են խոչընդոտել Իրան-Վեցնյակ համաձայնագրի առարկայացմանը: Նավթի գնի անկման ֆոնին Պարսից ծոցի երկրներին, այդ թվում նաև` Սաուդյան Արաբիային, իսկապես մտահոգում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ինչը հնարավորություն կտա Իրանին ակտիվորեն մուտք գործելու նավթային շուկա, արտահանել իր նավթը»,- ասում է Փաշայանը:

Նրա դիտարկմամբ` տարածաշրջանի քաղաքական դաշտում փխրուն հավասարակշռություն է տիրում, և այս փուլում խոսել խաղաղության, հակամարտությունների կարգավորման մասին, վիճարկելի է, քանի որ ճգնաժամային վիճակում է ոչ միայն Սիրիան, այլ նաև՝ Իրաքը: Հակամարտությունները դեռևս չկարգավորված են մնում Պաղեստինում, Լիբիայում, Եմենում, Լիբանանում, և հենց այս հակամարտության ֆոնին ավելի է խորանում սուննի-շիա հակամարտությունը:

«Մենք Մեծ Մերձավոր Արևելքի մաս ենք կազմում, ճիշտ է՝ գործողությունները մեզ անմիջականորեն չեն առնչվում, քանի որ մենք բուֆերային գոտի ունենք, բայց, այնուամենայնիվ, այն փաստը, որ մեր համայնքները Մերձավոր Արևելքում կրել են նյութական, բարոյական, մարդկային շոշափելի կորուստներ, արդեն վկայում է այն մասին, որ մենք տուժել ենք այս հակամարտությունից: Ամեն ինչ այսքանով չի ավարտվում, որովհետև Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների հեռանկարը խիստ վիճարկելի է»,- ասել է Փաշայանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանի համոզմամբ էլ` Հայաստանի վրա ազդող վտանգների մասին խոսելուց բացի, պետք է ներկայացնել նաև ստեղծվող հնարավորությունները: Նրա դիտարկմամբ` Հայաստանը այնպիսի տարածաշրջանում է, որ կարող է լինել և՛ փակուղի, և՛ խաչմերուկ, սակայն տարանցիկ երկիր դառնալու ավելի լայն հեռանկարներ ունի:

«Տարածաշրջանում առկա բոլոր հակասություններից ունենք հնարավորություններ, որոնք կարող ենք ի նպաստ մեզ օգտագործել, օրինակ՝ Իրանի հզորացման արդյունքում Հայաստանն ունի ապագայի բավականին լավատեսական սցենարներ»,-ասել է նա: