Հարավային դարպաս. Հայաստանը ողջունում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների չեղարկմանն արագորեն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հայտարարելով, որ Հայաստանը շահագրգռված է խորացնելու փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ:

Հիշեցնենք` հունվարի 16-ի ուշ երեկոյան Վիեննայում ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու մասին:

Իրանի և վեց գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատմական համաձայնագիրը ստորագրվեց 2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում, համաձայն որի Իրանը պարտավորվել է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին գերտերությունների հետ միջուկային համաձայնագրի իրականացումը երկրի պատմության «ոսկե էջ» է անվանել, նշելով, որ այն իրականություն դարձավ իրանցի ժողովրդի և փորձառու դիվանագետների աջակցությամբ։

«Համաձայնագրի իրականացման մեկնարկն ու պատժամիջոցների վերացումը լայն հնարավորություններ են բացում Իրանի տնտեսության համար: Մենք նոր ներդրումները կուղղենք երկրի տնտեսություն, և դա կփոխի տնտեսության պատկերը»,- ասել է նախագահ Ռոհանին:

Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Ամիր Հոսեյն Զամանինին հունվարի 17-ին հայտարարել է, որ Իրանը պատրաստվում է ավելացնել նավթի արտահանման ծավալները օրական 500 հազար բարելով:

Ֆինանսական միջոցների ծավալը, որն Իրանը կստանա իր նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ու արտերկրում իր ակտիվների ապասառեցման արդյունքում, կհասնի գրեթե 55 միլիարդ դոլարի:

Փորձագետների դիտարկմամբ` Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելը Հայաստանի համար լրջագույն հնարավորություններ է բացում, ինչի համար սակայն հարկ է հետևողական ու շարունակական քաղաքականություն վարել:

«Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանը նշել է, որ իրանական 600 ընկերությունից 400-ն ազատվել են պատժամիջոցներից, իսկ համաշխարհային շատ ընկերություններ էլ սկսել են իրենց ներկայացուցչությունները վերաբացել Թեհրանում:

«Մեր գործարարներին պետք է ԱԳՆ-ն ուղղորդի, պայմանավորվի իրանական մեծ ընկերությունների հետ, այստեղից գործարարներին տանի այնտեղ՝ հանդիպման: Հաշվի առնելով աշխարհագրական դիրքը՝ Հայաստանի դերը կբարձրանա, որովհետև դեպի Արևմուտք գնացող միակ հարմար ճանապարհը մնում է Հայաստանը»,- ասել է Պապյանը:

Տնտեսագետների կանխատեսումներով` պատժամիջոցների վերացումը հնարավորություն կտա հայկական ապրանքներին մուտք գործելու իրանական մոտ 80 միլիոնանոց շուկա, Իրանը կարող է այլընտրանքային ու էժան էներգակիրներ մատակարարել, առաջին հերթին` գազ:

«Այն ապրանքատեսակների ցուցակը, որ մենք կարող ենք Իրան արտահանել, շատ սահմանափակ է։ Այսինքն` պետք է լուրջ աշխատել այդ ուղղությամբ և գտնել էն նիշան [խորշը], որտեղ մեր արտահանողները կարող են տեղավորվել, որովհետև մենք, ըստ էության, Իրանին էդքան շատ առաջարկելու բան չունենք։ Իրենք ունեն մեզ առաջարկելու բան,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է տնտեսագետ Բաբկեն Թունյանը: - Մենք ավելի շատ կարող ենք շահել` համատեղ նախագծեր իրականացնելով Իրանի հետ, քան էս պահին ինչ-որ ապրանքատեսակներ արտահանելով»:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2015 թ. հայ-իրանական առևտուրը կազմել է մոտ 250 միլիոն դոլար` Հայաստանի ողջ արտաքին առևտրի գրեթե 6 տոկոսը։ Այդ ցուցանիշով Իրանը Հայաստանի չորրորդ խոշոր առևտրային գործընկերն է: