Հայաստան-Իրան. տրանսպորտի նախարարները քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման հարցը

Հայաստանը ժամանակ չի կորցնում Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների զգալի մասի վերացումից հետո այդ երկրի հետ հարաբերություններն ավելի ընդլայնելու և խորացնելու համար:

Արդեն չորեքշաբթի` հունվարի 20-ին, երկու երկրները ստորագրել են Փոստային կապի և հաղորդակցական ոլորտում համագործակցության և փոխըմբռնման երկու հուշագրեր, որոնց համաձայն Իրանն ու Հայաստանը համագործակցելու են փոստային ոլորտում, թողարկելու են համատեղ նամականիշ, միջազգային հարթակում ընդլայնելու են փոստային կապերը, անցկացնելու են ոլորտին առնչվող համատեղ ցուցահանդեսներ:

Երկու երկրների միջև ստեղծվելու է նաև ինտերնետային գնումների հնարավորություն, իսկ գնված ապրանքները առաքվելու են փոստային ծառայությունների միջոցով:

Հուշագրերը հայկական կողմից ստորագրել է աշխատանքային այցով Իրանում գտնվող տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, որ հանդիպել ու բանակցել է նաև հարևան երկրի տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի հետ: Կողմերը քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր, մասնավորապես, խոսել են Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ:

«Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման կապակցությամբ Հայաստանի հետ բանակցություններ են տարվել և պետք է դրա ֆինանսավորման շուրջ համաձայնություն ձեռք բերել»,- ասել է իրանցի նախարարը:

Ախունդին նաև նկատել է, որ նախորդ տարվա ընթացքում Իրանի ու Հայաստանի միջև բեռնափոխադրումների 50 տոկոս աճ է արձանագրվել: 10 հազար բեռնատար Իրանից ուղևորվել է դեպի Հայաստան, և ևս 2 հազարը` հակառակ ուղղությամբ: Երկու երկրների միջև երթևեկը խթանելու նպատակով հավասարեցվել են գանձվող մաքսատուրքերը:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ը չեղարկել է միայն դեռ երկրորդական նշանակության պատժամիջոցները, որոնք սահմանափակում էին Իրանի հետ գործարքներ կնքել երրորդ երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ամերիկյան ընկերությունների արտասահմանյան մասնաճյուղերին: Ամերիկյան ընկերությունների համար սահմանափակումները դեռ մնում են ուժի մեջ:

Այդուհանդերձ, անգամ այս դեպքում հայ-իրանական հարաբերությունների, մասնավորապես, տնտեսական ոլորտի զարգացմանն ու ընդլայնմանը հավատում են նաև հայաստանցի շատ փորձագետներ:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով` առաջիկայում Իրանն ու Հայաստանը հնարավորություն ունեն, օրինակ, հումքի վերամշակման համատեղ ձեռնարկություններ հիմնել: «Օրինակ` մոլիբդենի վերամշակման ձեռնարկություն: Հայաստանում կա մոլիբդենի համաշխարհային պաշարների 7 տոկոսը, Իրանում ևս կան նման պաշարներ: Կողմերը համատեղ ձեռնարկության միջոցով կարող են վերամշակման ամբողջ ցիկլը ապահվել և տեղում արտադրել վերջնական ապրանք: Ոչ թե արտահանել հումք և վերամշակումից հետո ձեռք բերել, ասենք, պղինձ` ավելի թանկ»,- չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասել է նա:

Ըստ Մանուկյանի` Հայաստանն ու Իրանը կարող են նաև միավորել զբոսաշրջային շուկաները, համատեղ փաթեթներ առաջարկել երկու երկրներ այցելող զբոսաշրջիկներին:

Պատժամիջոցների չեղարկումից հետո հայ-իրանական հարաբերություններում «հետաքրքիր հնարավորություններ» է տեսնում նաև Համաշխարհային բանկը` երեքշաբթի հայտարարել է համաշխարհային ֆինանսական կառույցի երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

«Այն 12 տարիների ընթացքում, որ Իրանը գտնվում էր պատժամիջոցների տակ, Հայաստանը մեծ առաջընթաց է արձանագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և սա իր հերթին կարող է շատ մեծ առավելություն լինել»,- ասել է նա` հավելելով, որ Հայաստանը կարող է նաև միջնորդ դառնալ Իրանի և Եվրասիական միության միջև:

«Հայաստանը Եվրասիական միության միակ անդամն է, որ ընդհանուր սահման ունի Իրանի 80 միլիոնանոց շուկայի հետ։ Գուցե Հայաստանը դարպաս լինի այլ երկրների համար, որոնք կցանկանան աշխատել Իրանի հետ և այդ նպատակով ներդրումներ կանեն այստեղ: Միգուցե հակառակը՝ Իրանը ցանկանա առևտուր անել Եվրասիական միության հետ, և Հայաստանը լինի այն դուռը, որ կբացի ճանապարհը Իրանի համար»։