Քաղաքական կամք. Հայաստանի ու Իրանի ղեկավարները քննարկել են համագործակցության հեռանկարները պատժամիջոցները չեղարկելու ֆոնին

Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Հասան Ռոհանին կիրակի հեռախոսով քննարկել են երկկողմ փոխգործակցության հեռանկարները` Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերացնելուց հետո:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսևորման պարագայում բանակցությունների արդյունքում հնարավոր է լուծումներ գտնել ցանկացած հարցում` նշվում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայության մամուլի հաղորդագրությունում:

Իրանի նախագահն ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցվել են առաջիկա հանդիպումների ծրագրերը:

Հայ փորձագետները փորձում են կանխատեսել, թե արդյոք կկայանա՞ դեռ 2012-ին հայտարարված Հասան Ռոհանիի այցը Հայաստան: Փորձագետների կարծիքով` այցը հետաձգվում էր բանակցությունների առարկայական օրակարգի բացակայության պատճառով. Հայաստանը հրաժարվում էր հարևան Իրանի հետ սերտ համագործակցությունից ոչ միայն Արևմուտքի պատժամիջոցների, այլև Ռուսաստանի հետ չափազանց պարտավորեցնող հարաբերությունների պատճառով:

Այժմ պատժամիջոցները վերացվել են, և հարցն այն է` արդյոք կողմերն ունե՞ն համագործակցության կամք: Այն կարող է լինել տարբեր ոլորտներում, նույնիսկ ամենաանսպասելի: Օրինակ` այժմ Իրանի բազմաթիվ քաղաքացիներ, որ ցանկանում են ԱՄՆ մեկնել, մուտքի վիզա ստանալու համար գալիս են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանություն, քանի որ Իրանում փակ է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը: Սակայն այժմ Իրանն ու ԱՄՆ-ը բանակցություններ են վարում օդային հաղորդակցության հաստատման շուրջ, և չի բացառվում, որ այժմ Հայաստանի քաղաքացիները կմեկնեն Իրան` ԱՄՆ թռչելու համար, քանի որ Հայաստանից դեպի ԱՄՆ ուղիղ չվերթ չկա:

Կան համագործակցության նաև այլ ոլորտներ: Աշխատանքային այցով Իրան այցելած Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 20-ին հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզիի հետ: Երկու երկրների միջև ինտերնետային առևտրի ընդլայնման հնարավորություն կբացվի փոստային ծառայությունների միջոցով:

Բեգլարյանը հանդիպել է նաև տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի հետ: Կողմերը քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման, մասնավորապես, Ջուլֆա-Երասխ երկաթուղու կառուցման հետ կապված հարցեր:

«Մենք ցանկանում ենք կնքել համաձայնագրեր, որոնք հնարավորություն կտան իրանական ապրանքները հասցնել մինչև Սև ծով»,- ասել է Բեգլարյանը:

«Հայաստանի հետ բանակցություններ են վարվել Ջուլֆա-Երևան երկաթուղու շուրջ, և պետք է համաձայնության հասնել ֆինանսավորման առնչությամբ»,- ասել է Ախունդին:

Իրանի և Հայաստանի միջև արդեն կա Ջուլֆա-Երևան կարճ և հարմար երկաթգիծ, սակայն այն անցնում է Նախիջևանի` Հայաստանը շրջափակած Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության տարածքով:

Փորձագետները հուսով են, որ միջազգային հանրությանը և Իրանին, հնարավոր է` հաջողվի «ստիպել Ադրբեջանին» խաղաղության գնալ և բացել ղարաբաղյան հակամարտության պատճառով շրջափակված տարածաշրջանային հաղորդակցությունները: Սակայն հույսերն այնքան թույլ են, որ փորձագետները ստիպված են խոսել տեսանելի հեռանկարում Հայաստանի տարածքով Իրանի երկաթուղային կապի անհեռանկարայնության մասին: