Հանուն խաղաղության. Հայաստան կատարած այցի ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել է տարածաշրջանային անվտանգությունը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ավարտեց երկօրյա այցը Հայաստան, որը Երևանում միանշանակ չընդունվեց: Մի կողմից` փորձագետներն ասում են, որ Վրաստանը փորձում է Հայաստանին հրավիրել Արևմուտքի հովանու ներքո անվտանգության համակարգ, մյուս կողմից նշվում է, որ Թբիլիսին փորձում է հասկանալ, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Հայաստանը և Հայաստանում ռուսական ռազմաբազաներն ի՛նչ չափով են կարող են սպառնալիք ներկայացնել Վրաստանի համար:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Թինաթին Խիդաշելին ասել է, որ Վրաստանը պատրաստ է ակտիվ դերակատարում ունենալու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում:

«Վրաստանը շատ հստակ դիրքորոշում ունի. մենք ցանկանում ենք ապահովել խաղաղությունը տարածաշրջանում: Մենք պատրաստ ենք համագործակցության ցանկացած ձևաչափով և ցանկացած ուղղությամբ, եթե դա կօգնի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Որևէ անկայունություն, լինի Լեռնային Ղարաբաղի թե մեկ այլ ուղղությամբ, Վրաստանի համար կլինի նույն մասշտաբի խնդիր, ինչպիսին հակամարտության մեջ ներգրավված երկրների համար: Ինչպես Աբխազիայի և Հարավային Օսիայի պարագայում մենք խաղաղություն և առավելապես խաղաղ ճանապարհներ ենք փնտրում, ճիշտ նույն կերպ շահագրգռված ենք, որ ցանկացած այլ ուղղությամբ մենք լինենք խաղաղության ուղիների գլխավոր մասնակիցներից մեկը: Այս իմաստով մեր երկու երկրների դիրքորոշումները համընկնում են: Մենք պայմանավորվել ենք, որ ցանկացած թեմա, որ կարող է ծագել կողմերի միջև, կարող է շատ արագ լուծվել, եթե հայտնվեն ուղիղ հաղորդակցության ուղիներ, և հենց սա այցի գլխավոր նպատակն է»,- հայտարարել է Թինաթին Խիդաշելին:

Վրացի նախարարը միաժամանակ հերքել է այն տեղեկատվությունը, որ Վրաստանը վերջերս Ադրբեջանին զենք է վաճառել, ինչպես հաղորդվել էր «Դելտա» ընկերության կայքում: Razm.info-ին նախարարն ասել է, որ մեկ անգամ ևս ստուգել է տեղեկատվությունը, և հաստատվել է, որ «այն իրականությանը չի համապատասխանում»:

Ընդսմին, նախարարը Թուրքիան և Ադրբեջանը կոչել է տարածաշրջանում Վրաստանի ռազմավարական գործընկերներ: «Թուրքիան մեզ հարևան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ինչը մեր համագործակցությունը դարձնում է ավելի խոր և ուժեղ, քան մեր հարևանությամբ գտնվող որևէ այլ երկրի հետ»,- ասել է Խիդաշվիլին` շնորհակալություն հայտնելով Թուրքիային աջակցության համար:

Թե ինչպե՛ս են Վրաստանն ու Հայաստանը պատկերացնում տարածաշրջանային անվտանգության պահպանության հարցով համատեղ աշխատանքը, եթե Հայաստանն անդամակցում է ՀԱՊԿ-ի դաշինքին, իսկ Վրաստանն ամբողջ ուժով ձգտում է դեպի ՆԱՏՕ, ապա վրացի նախարարի խոսքով` դա կարող է լինել առնվազն մեկ ընդհանուր շահ` խաղաղությունը:

2008-ին, երբ տեղի ունեցավ հնգօրյա ռուս-վրացական պատերազմը, Հայաստանը չեզոքություն պահպանեց և իր սահմանին Վրաստանին անտանգություն երաշխավորեց: Ապա Թբիլիսին, չնայած Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, համաձայնեց Վրաստանի տարածքով ռուս-հայկական տարանցմանը:

«Ես ընդամենը երկու շաբաթ առաջ եմ վերադարձել Աֆղանստանից, որտեղ հնարավորություն եմ ունեցել վրացի խաղաղապահների հետ հանդիպելու Հայաստանի Հանրապետության զինծառայողներին: Սա լավագույն օրինակներից մեկն է ցույց տալու, թե համագործակցությունը որքան հաջող կարող է լինել, եթե երկրները ցանկանում են միասին պայքարել հանուն խաղաղության: Հենց այդ օրինակի մասին ենք մենք խոսել` քննարկելով տարածաշրջանում կայունության, մեծ խաղաղության, ավելի մեծ անվտանգությանը աջակցությունը և համատեղ գործունեությունը»,- նշել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Մինչ այդ, հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը շուրջ 10 մլն դոլար է հատկացրել Վրաստանի սահմանային ոստիկանությանն օգնության նպատակով: Ի թիվս որի` նաև հայ-վրացական սահմանի հատվածը կհագեցվի դիտարկման տեխնիկական միջոցներով: