Սբ Կիրակոսի չարչարանքները. հայկական եկեղեցին բռնագրավելու Թուրքիայի կառավարության որոշումը մտահոգության տեղիք է տալիս

Թուրքիայի կառավարության որոշումը՝ պետականացնել Դիարբեքիրի Սուր թաղամասի 6300 կառույցներ և տարածքներ, որոնց մեջ է հայկական համայնքին պատկանող Մերձավոր Արևելքի ամենամեծ եկեղեցիներից Սբ Կիրակոսը, մտահոգություն ու անհանգստություն է առաջացրել աշխարհի տարբեր մասերում բնակվող հայերի շրջանում, որոնց հանգանակությամբ 2011 թվականին վերաբացվել և օծվել էր Սուրբ Կիրակոսը:

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հարցերին պատասխանելով` Թուրքիայի հիմնարկների գլխավոր վարչության տնօրեն Ատնան Էրտեմը նշել է, թե Թուրքիայի նախարարական խորհրդի որոշումն «ուղղված չէ պատմական շենքերի և քաղաքացիական ճարտարապետական գործերի դեմ, այլ նպատակ ունի դրանք պաշտպանելու»:

«Երկար տարիներ լքված հայկական եկեղեցին տարիների պայքարից հետո վերակառուցվել ու վերաբացվել էր։

Դիարբեքիրում այժմ չկա որևէ բաց եկեղեցի, ուր կկարողանան այցելել շրջանում բնակվող ոչ մահմեդական բնակիչները: Սուրբ Կիրակոսը վերանորոգվել էր ԱՄՆ-ի և շատ այլ երկրների համատեղ ջանքերով։ Եկեղեցու վերակառուցման համար 2 մլն թուրքական լիրա էր ծախսվել։ Նույն որոշմամբ պետականացվել են նաև ասորական և բողոքական եկեղեցիները»,- գրել է «Ակոսը»։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը նշում է. Դիարբեքիրի Սուրի շրջանում դեկտեմբերից իշխանությունների կողմից փողոց դուրս գալու արգելք սահմանվեց` կապված քուրդ ակտիվ բնակչության հետ բախումներով: Արդյունքում թուրքական անվտանգության ուժերը սահմանված արգելքից հետո սկսեցին ակտիվ գործողություններ ծավալել այդ հատվածը զինյալ քրդերից մաքրելու համար: Ըստ թուրքագետի` Սբ Կիրակոսը քիչ տուժեց միայն այն պատճառով, որ բավականին բարձր պարիսպներ ուներ և լավ էր ամրացված դրսի կողմից:

«Թուրքիայի իշխանությունները ցանկանում են մաքրել քրդերի կողմից տարբեր ժամանակներում կառուցված և վերջին բախումների հետևանքով կիսաքանդ վիճակում հայտնված շենքերը, փոխարենը` պետական խոշորագույն շինընկերության միջոցներով նոր շենքեր կառուցել։ Սրանով իշխանությունները կմաքրեն տարածքը իրենց դեմ մշտապես ընդվզող քուրդ բնակչությունից և կբնակեցնեն նոր մարդկանցով: Ցավոք, հայկական եկեղեցին հայտնվել է թուրք-քրդական հակամարտության կենտրոնում: Թուրքիայի իշխանությունները շատ հապճեպ ընդունեցին պետականացման որոշումը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Իսպիրյանը:

Այդուհանդերձ, թուրքագետը նշում է, որ քրդերի տների պետականացումը վիճահարույց է, և հնարավոր է` առաջիկայում նրանք դատական հայցեր ներկայացնեն այդ որոշման դեմ, քանի որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայով սահմանված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ մարդու սեփականության իրավունքը:

«Սբ Կիրակոսը գրանցված է պաշտոնապես և պատկանում է հայ համայնքին, պատմամշակութային կառույց է: Նախադեպը չենք ունեցել, բայց պետականացվել են, լքված ու խոնարհված եկեղեցիները: Սա մեծ արձագանք կունենա, որոշումը դեռ հստակ չէ ու խիստ վիճելի է։ Նախ` ազգային փոքրամասնությանը պատկանող գործող եկեղեցին առանց իրավական գործընթացների պետականացնելը նույնիսկ Թուրքիայի պարագայում հակաօրինական է։ Այն հակասում է թե՛ ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ Լոզանի պայմանագրի դրույթներին, թե՛ Թուրքիայի ներպետական օրենքներին»,- ասում է Իսպիրյանը:

Ըստ «Ակոսի»` Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակութային ժառանգության գրասենյակի նախագահ Նևին Սոյլուքայանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստվում է դատի տալու կառավարությանը՝ իրեն պատկանող ունեցվածքները պետականացնելու համար, և հորդորում է մյուս սեփականատերերին ևս դատական գործընթաց սկսել:

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր և քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության անդամ Գարո Փայլանը հայտնել է, որ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին ներկայացրել է հարցադիմում Տիգրանակերտի Սուր գավառի մի շարք տարածքներում և կառույցներում պետականացման մանրամասները հստակեցնելու նպատակով։

Մի քանի կետերից բաղկացած հարցադիմումը Փայլանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նրանք երկրի վարչապետից պահանջում են հստակեցում, թե արդյոք պետականացման որոշումը պե՞տք է ազդի տեղի քրիստոնեական, ասորական և քաղդեական եկեղեցիների վրա: Միաժամանակ, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն ուզում է հստակեցնել, թե ինչ չափանիշներով և օրենքներով են ընտրված այսպես կոչված «վտանգավոր տարածքները»:

Փայլանը նաև հարց է բարձրացրել, թե արդյոք ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիներն ու սեփականությունը պետականացնելու որոշումը չի՞ հակասում օրենսդրությանն ու Լոզանի համաձայնագրին: