Ստեփանակերտի ռմբահարման սպառանալիք. Ղարաբաղի ՊՆ-ն արձագանքում է Հասանովի հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը խստորեն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, որում նա սպառնացել է ռմբահարել Ստեփանակերտը:

Երկուշաբթի իր ելույթում Հասանովն ասել է, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է հարվածներ հասցնելու Ղարաբաղի մայրաքաղաքին և այլ քաղաքների, «եթե հայկական ուժերը շուտափույթ չդադարեցնեն իրենց ռազմական գործողությունները»:

Երկուշաբթի ավելի ուշ տարածած հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է անձամբ Հասանովին և նրա «գերագույնին» [նախագահ Իլհամ Ալիևը], որ «նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ»:

Ավելի վաղ պաշտոնական Երևանը նաև դատապարտել էր շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց դեմ ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը:

Երկուշաբթի ԵԱՀԿ անդամ երկրներին ներկայացնող դեսպանների առաջ իր ելույթում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր. «Գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաև քաղաքացիական անձինք: Իրենց դպրոցի բակում զոհվել և ծանր վիրավորվել են երեխաներ: Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ` խաղաղ բնակիչներ, այդ թվում 92-ամյա բնակչուհ»:

Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նույնպես անդրադարձել է խաղաղ բնակիչների դեմ հարձակումներին:

«Ադրբեջանը խախտում է Միջազգային մարդու և մարդասիրական իրավունքը, մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1949թ. Ժնևյան կոնվենցիաները, 1977թ. Լրացուցիչ արձանագրությունները, Երեխաների իրավունքների մասին 1989թ. Կոնվենցիան»,- ասել է Քոչարյանը:

«Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ադրբեջանական զինծառայողները գազանաբար խոշտանգել, խեղել և սպանել են Խալափյանների ընտանիքի երեք անդամների, որոնցից ամենատարեցը 1924 թ. ծնված Մարուսյա Խալափյանն էր: Անհնար է գտնել քաղաքացիական բնակչության նկատմամբ նման բարբարոսության որևէ արդարացում: Ադրբեջանական բանակի գործողությունները դուրս են գտնվում ոչ միայն վերոնշյալ կոնվենցիաների, պատերազմի սովորութային իրավունքի, այլ նաև որևէ քաղաքակրթության տարրական նորմերի սահմաններից»,- եզրափակել է նա: