«Սմերչով» հարված. Ադրբեջանը Ղարաբաղի դեմ մահացու ուժ է կիրառում

Այս գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարավային ուղղությամբ կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, որն ըստ ռուսական փորձագիտական շրջանակների՝ այսօր աշխարհի հզորագույն համազարկային հրթիռային համակարգերից մեկն է համարվում։

Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության բանակից՝ հավելելով, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ գործողությունները իրենց շարունակությունն ունեցան նաև այս գիշեր:

«Այս գիշեր նույնպես հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է»,- ասվում է ՊԲ առավոտյան տարածած հաղորդագրության մեջ:

Հատկանշական է, որ այս օրերին համեմատաբար հանդարտ հայ-դրբեջանական Տավուշի հատվածի սահմանում այս գիշեր նույնպես ակտիվացել է հակառակորդը։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ:

«Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետներ: ՀՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1983-ին ծնված Զորի Աշրաֆյանը»,- նշվում է ՊՆ հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ ՀՀ զինված ուժերը, դրսևորելով զսպվածություն, շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը: