Սարգսյան. Հայաստանը դեմ չէ Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, բայց կամենում է «համապարփակ կարգավորում»«Մենք երբեք այդ հարցին դեմ չենք արտահայտվել, բայց կարծում ենք, որ այդ հակամարտությունը պետք է ամբողջական ու վերջնական լուծում ստանա: Մենք պատրաստակամություն էինք հայտնել համապատասխան փաստաթուղթ ստորագրել, որը կնախատեսեր հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում նաև` մեր երկու կողմերի միջև խաղաղապահների տեղակայում: Սակայն ադրբեջանցիները չցանկացան դա»,- ասել էր նա Deutsche Welle-ին: Խաղաղապահ ուժերը երաշխիք են ռազմական գործողությունները չվերսկսելու համար` կարծում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Բնականաբար, եթե կարգավորման համաձայն, հայկական ուժերը հետ քաշվեն ինչ-որ դիրքերից, պարզ չէ՞, որ խաղաղապահների պատը թույլ չի տա այդ տարածքները լցվեն ադրբեջանական զորքերով: Կամ` եթե այդ տարածքները դատարկ են մնում, ապա դա Ադրբեջանի կողմից կարող է առաջացնել ագրեսիայի վտանգ»,- ուրբաթ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Զուրաբյանը: Ինչ վերաբերում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցին Հայաստան, քաղաքագետ Լևոն Շիրինյանը նշեց, որ նա եկել էր տեսչական այցի: «Արցախի պաշտպանական բանակը տապալել է խոշոր տերություններից գոնե երկուսի` ոխերիմ թշնամու և ոխերիմ բարեկամի պլանները: Ադրբեջանական-թուրքական ծրագրերը տապալվել են, ռուսական ցանկությունը` ավելի կախվեինք իրենց պոչից, տապալվել է, դա ապացուցեց նախագահի Եվրոպայում կատարած հայտարարությունը»,- ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: |
|